211652_close_icon
views-count871 դիտում article-date 18:36 08-01-2024

Գորգը`որպես ծեսի առարկա, գորգագործությունը` պատվաբեր աշխատանք

«Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը «Փորձագիտական դասընթացներ» եռամսյա ծրագրի շրջանակում կազմակերպեց գորգագործության վերաբերյալ վերջին դասընթացը Աշխունջ Պողոսյանի բանախոսությամբ Հ. Շահամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում։

Նախորդ դասընթացներում պ.գ.թ. , ազգագրագետ, գորգագետ Աշխունջ Պողոսյանն անդրադարձավ վիպաշագորգերին, Արցախյան գորգագործությանը, նրա տարածման արեալներին, տարբեր գորգագործական կենտրոններին, իսկ այս անգամ ներկայացրեց գորգագործությունն իբրև ծեսի, գորգի տարատեսակ տիպերի մասին։

Ընդհանրապես, գորգերի մասին խոսելիս , պետք է առանձնացնել, որ ինչպես բանախոսն է նշում, գորգը նախապես ունեցել է չարխափան նշանակություն։ Մարդիկ իրենց տներում կախել են գորգեր չար աչքից պաշտապնվելու համար, իսկ գորգագործները հասարակության մեջ եղել են մեծ հարգանք վաստակած մարդիկ։ Գորգեր գործելու ընթացքը եղել է մեծ պատվարժան գործընթաց, որտեղ վարպետի կողքին են հավաքվել նրա աշակերտները և հասարակությունը։ Այդ ընթացքում գորգագործը ստացել է տարատեսակ նվերներ, իսկ ընթացքին զուգահեռ հայկական երգն անպակաս է եղել բոլորի շուրթերից։

Հատկանշական է, որ վարպետն աշակերտների համար երգով է թելադրել գործողությունները, որով էլ գործողը դարձել է ծեսի առաջնորդը։ Բանախոսթյան ընթացքում Աշխունջ Պողոսյանն անդրադարձել է մի քանի գորգերի
տիպերի, որոնցից սակավ հանդիպող տեսակներից էր «Փայլող աստղ» տիպը,որը բնորոշվում է գեղազարդման համակարգի և գունաերանգների հստակությամբ և ներդաշնակությամբ։ Աստղազարդով գորգերի խմբի մասին բանախոսը մեկնաբանեց.«Այս խմբում ընդգրկված բոլոր տիպերն առանձնանում են նրանով, որ դրանց գեղազարդման համակարգում հիմնական տարրը աստղազարդն է, որը սովորաբար լրացվում է բուսածաղկային նախշերով, ոճավորված կենդապատկերաներով` ընդհանրապես մանր հարդարանքներով։ Պատկերային գորգերը, որոնք մեծ տարածում են ունեցել, բնութագրվում են պատկերային տեսարաններով` կենցաղ , տոնական կամ պատմական ծիսակատարություն, բնապատկեր և այլն։ «Վարանդա» տիպի գորգերն ըստ բանախոսի` բնորոշվում են բազմանիստ շրջանակում ամփոփված, իրար կցված հարուստ հորինվածքներով, որը բնորոշ է Վարանդայի և Դիզակի գորգագործական կենտրոններին։

Մնում է նշել, որ հայկական գորգերը ազգային մշակույթային ժառանգությունն են կազմում, որի ճանաչումը խոսում է ազգային ինքնության պահպանման և մշակութային հարուստ պատմության մասին։

Հեղինե Մխիթարյան, ՀՊՄՀ Լրագրության բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր