211652_close_icon
views-count62710 դիտում article-date 15:03 23-01-2024

Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են ՎԱԶ 21099-ն ու Opel Combo-ն. վերջինն էլ կոտրել է գազախողովակն ու կողաշրջվել. վարորդը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում «Ադանա» ռեստորանի հարևանությամբ բախվել են Արարատի մարզի բնակիչներ 34-ամյա Դավիթ Հ.-ի վարած Opel Combo մակնիշի և 23-ամյա Գոռ Վ.-ի վարած ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, ապա գազատար խողովակնի հենասյուներին և կողաշրջվել:

Վթարի հետևանքով Opel-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Մհեր Մեծոյանն ու պարեկ Ֆրունզե Հովհաննիսյանը:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նիկողոսյանն ու ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գևորգ Մանուկյանը:

Վթարի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի, պետի տեղակալի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արտաշատի տարածքային տեղամասի վթարավերականգնողական խումբը ու արդեն ինչքան ժամանակ է՝ աշխատանքներ են տանում՝ վթարն ու գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արտաշատի բաժին, որ հիվանդանոց տեղափոխվածը գիտակցության չգալով մահացել է:  

Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր