211652_close_icon
views-count1423 դիտում article-date 08:53 08-02-2024

«Մայր Հայաստան»-ը կդիմի դատարան․Հայկ Մարությանին կփոխարինի Արամ Մանուկյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Երեկ Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» եւ նրա հետ կոալիցիա կազմած «Հանրապետություն» խմբակցության ձեռամբ, ինչպես նաեւ ավագանիում փոքրամասնություն կազմող ՝ ՔՊ կցորդ դարձած «Հանրային ձայն»-ի աջակցությամբ՝ ավագանու երեք ընդդիմադիր անդամներ՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանն ու Նարինե Հայրապետյանը, զրկվեցին ավագանու անդամի մանդատներից:

Օրակարգում նախապես ավագանու 5 անդամներին մանդատից զրկելու հարց էր դրված, սակայն Զարուհի Փոստանջյանին ու Գեւորգ Ստեփանյանին մանդատից զրկելու համար իշխանության ձայները չբավականացրին. նրանք կպահպանեն մանդատները:

Իսկ ովքե՞ր են փոխարինելու ավագանու՝ մանդատից զրկված անդամներին:

«Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ Մարությանի փոխարեն ավագանու անդամ կդառնա «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամ Արամ Մանուկյանը. վերջինս անհատ ձեռներեց է:

«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն էլ մեզ փոխանցեց, որ պատրաստվում են վիճարկել ավագանու որոշումը, դիմելու են դատարան, ուստի նման հարց՝ ում են անցնելու Սոնա Աղեկյանի ու Նարինե Հայրապետյանի մանդատները, դեռ չեն քննարկել:

Թե երբ են պատրաստվում վիճարկել որոշումը, Մանուկ Սուքիասյանն ասաց. «Մեր իրավաբաններն այդ հարցով են զբաղվում, սեղմ ժամկետում կդիմենք դատարան»»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր