211652_close_icon
views-count22109 դիտում article-date 23:37 15-02-2024

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ BMW-ն բախվել է գովազդային երկաթե սյանը և հայտնվել կանաչ «գազոնում»․ կան վիրավորներ, որոնցից մեկին հիվանդանոց են տեղափոխել պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ ժամը 20։10-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Գայի պողոտա-Թոթովենցի փողոցի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գովազդային երկաթե սյանը և հայտնվել կանաչ «գազոնում»։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ստեփան Գրիգորյանն ու Կարեն Սահադյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վիրավորներից 1-ին հիվանդանոց են տեղափոխել պարեկները՝ պարեկային ծառայության ավտոմեքենայով, իսկ մեկին՝ շտապօգնության բժիշկները։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր