211652_close_icon
views-count18799 դիտում article-date 22:42 08-03-2024

Առանձնապես ծանր հանցագործության մեջ կերպարանափոխված հետախուզվողին Արմավիրի մարզի ոստիկանները հայտնաբերեցին Ծաղկաձորի բենզալցակայաններից մեկում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ Արթուր Բդոյան, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյան), ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի (բաժնի պետ Վոլոդյա Գևորգյան) և ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի (բաժնի պետ Սամվել Խմելյան) ծառայողները իրականացրել են հատուկ օպերացիա, որի արդյունքում հայտնաբերվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվող քաղաքացին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, թե որտեղ է գտնվում Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Հովհաննես Աֆրիկյանը, ով այս տարվա փետրվարի 1-ից հետախուզվում էր ՀՀ Քր․ օր․-ի 44-155 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։

Ոստիկանները պարզում են, որ նա գտնվում է Կոտայքի մարզում և ոստիկանական մի քանի խմբեր մեկնում են Կոտայքի մարզ և պարզում, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի է։ 

Արդեն մարտի 1-ին Ծաղկաձոր քաղաքի բնակիչ 33-ամյա Խաժակ Թովմասյանին պատկանող բենզալցակայանում հայտնաբերվում է կերպարանափոխված Հ․ Աֆրիկյանը և բերման է ենթարկվում ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից նրան ներկայացնում են Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այս տարվա հունվարի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն և ոստիկանության Մեծամորի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մեծամոր քաղաքում անհայտ անձը դանակահարել է Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Գարիկ Գևորգյանին։

Դեպքի վայր են մեկնում ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խմբերը, որտեղ էլ ճշտվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և պարզվում է, որ ժամը 01։40-ի սահմաններում Գ․ Գևորգյանը Մեծամոր քաղաքի 2-րդ թաղամասի շենքերից մեկի դիմաց կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Անահիտ Կ․-ի ընկեր, ոմն Հովոյի հետ, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած սուր կտրող, ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել Գ․ Գևորգյանի մարմնի տարբեր մասերին, ով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար Արմավիրի մարզի ոստիկանները պարզել են, որ ոմն Հովոն հանդիսանում է Հ․ Աֆրիկյանը, ով նույն օրը իր քրոջ ամուսնու «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով եկել է Մեծամոր քաղաքի 2-րդ թաղամասի նշված շենք, որտեղ նկատել է, որ իր ընկերուհու հետ զրուցում է Գ․ Գևորգյանը։ Նա մոտեցել է նրանց, ապա սկսել վիճաբանել, որի ժամանակ էլ գործի է դրել իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկան, ապա դեպքի վայրից դիմել է փախուստի։ 

Նույն օրը ոստիկանները հայտնաբերել են Հ․ Աֆրիկյանի քրոջ ամուսնուն և տեղափոխել ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ և օրեր անց Հ․ Աֆրիկյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ու մինչ վերջինս բնակության վայրում տեղեկություններ էին տարածվում, թե նա լքել է Հայաստանի սահմանը ու դժվար էլ նրան ոստիկանները կարողանան հայտնաբերել, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Արմավիրի և Մեծամորի բաժինների ծառայողները իրենց գրագետ ու ճիշտ աշխատանքի, պրոֆեսիոնալ, օպերատիվ գործողությունների շնորհիվ պարզում են նրա գտնվելու վայրը ու կարճ ժամանակում հայտնաբերում։
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր