211652_close_icon
views-count832 դիտում article-date 14:13 14-04-2024

Իսրայելի ցանկացած նոր արկածախնդրություն կարժանանա ավելի ծանր պատասխանի. Ռաիսի

Իսրայելի ցանկացած նոր արկածախնդրություն կարժանանա ավելի ծանր պատասխանի. այս մասին Մեհր գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին: Փոխանցում է Tert.am-ը։

«Հետևելով մեր երկրի զինված ուժերի պատմական, հզոր և հաղթական գործողությանը՝ ապրիլի 13-ի ռազմական հարձակմանը, որը ծրագրվել և իրականացվել է ի պատասխան Իրանի Իսլամական Հանրապետության նպատակների և շահերի դեմ սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությունների, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, երկրի բոլոր պաշտպանական և քաղաքական հատվածների հետ համագործակցությամբ և համակարգմամբ, երեկ երեկոյան նոր էջ է բացել Իրանի հեղինակության պատմության մեջ և դաս տվել սիոնիստ թշնամուն», - ասել է Իրանի նախագահը:

Նրա խոսքով՝ «վերջին վեց ամսվա և հատկապես վերջին տասն օրվա ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունն օգտագործել է տարածաշրջանային և միջազգային բոլոր գործիքներն ու հնարավորությունները՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու Իսրայելի շարունակական խախտումների վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անգործության մահացու վտանգներին»։ 

«Ցավոք, Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի որոշ այլ աջակիցների ազդեցության տակ չի կատարել իր պարտականությունները», - նշել է Ռաիսին:

Իրանը շաբաթ գիշերը իր տարածքից ավելի քան 300 հարվածային անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչն Իսլամական Հանրապետության առաջին ուղիղ հարձակումն էր Իսրայելի վրա: Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ ընդհանուր առմամբ Իրանը ավելի քան 300 զինատեսակ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ 170 անօդաչու թռչող սարք, 30 թևավոր և 120 բալիստիկ հրթիռ, և որ դրանց 99%-ը որսացել է Իսրայելի հակաօդային պաշտպանությունը:
 

Նմանատիպ նյութեր