211652_close_icon
views-count75945 դիտում article-date 19:12 17-04-2024

Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում․ «ՊԱԶ» ավտոբուսը Վերին Երզնկայում բախվել է քարե պարսպին և հայտնվել բնակչի բակում՝ մեղվափեթակների մեջ․ 29 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը Վերին Երզնկա գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան պարսպին և հայտնվել տան բակում՝ վնասելով բակում գտնվող մոտ 30 հատ մեղվի փեթակները, ապա բախվել է գազատար խողովակին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով առկա է գազի արտահոսք, իսկ ավտոբուսում գտնվող 29 ուղևորներին մեղուները խայթել են և նրանց տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վիրավորներից մի մասին առաջինը օգնության են հասել գյուղացիները և իրենց ավտոմեքենաներով տեղափոխել հիվանդանոց, մի մասին էլ՝ «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները և տեղափոխել հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Շամիրյանը և Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Աբովյանի ԳԳՄ-ի Նաիրիի տարածքային վթարային ծառայության վթարավերականգնողականի աշխատակիցները, ովքեր արդեն սկսել են աշխատանքներ վթարված գազախողովակի սյուները վերանորոգելու ուղղությամբ։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը։

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային վարչություն։

Պարեկային ծառայությունն ու ոստիկանություն պարզում են վարորդի, հիվանդանոց տեղափոխվածների և փեթակների սեփականատիրոջ ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր