211652_close_icon
views-count1711 դիտում article-date 12:33 19-04-2024

Զովունու դպրոցի փոխտնօրենը հոգեբանական ճնշումներ է գործադրում 7-րդ դասարանի աշակերտուհու վրա. մայրը նման հաղորդում է տվել իրավապահներին

Aravot.am-ի տեղեկություններով՝ ապրիլի 15-ին Կոտայքի մարզի բնակիչ Ա.Զ-ն ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել՝ հայտնելով, որ Զովունի գյուղի դպրոցի տնօրենի ցուցումով՝ փոխտնօրեն Գեղանուշ Հակոբյանը օրեր առաջ վատ վերաբերմունք է ցուցաբերել իր 13-ամյա աղջկա նկատմամբ, նրան լացեցրել է, գոռացել վրան և հետապնդել երեխային, քանի որ իր և տնօրենի միջև լարվածություն կա:

Ըստ ահազանգող քաղաքացու՝ դեպքը կրում է պարբերական բնույթ, որի վերաբերյալ ինքը բազմիցս ահազանգեր է ներկայացրել, սակայն անչափահասների գծով տեսուչը ոչինչ չի անում: Երեխայի մայրը նաեւ հայտնել է, որ 2023 թվականի սեպտեմբերից սկսած՝ դպրոցի փոխտնօրեն Գեղանուշ Հակոբյանը հոգեբանական ճնշում է գործադրում իր անչափահաս դստեր վրա: Զովունու դպրոցի տնօրեն Հասմիկ Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հոգեբանական ճնշում երեխայի նկատմամբ երբեւէ հաստատ չի եղել. «Իսկ լարվածություն որեւէ ծնողի կամ աշակերտի հետ չունեմ ու երբեւէ չեմ ունեցել: Ինչ վերաբերում է ՝ ծնողն իր մեջ ինչ-որ բան գցում-բռնում ու որոշում է, ես իրեն բազմիցս ասել եմ՝ թող գա, հասկանանք՝ ինչն է իր խնդիրը: Բազմիցս եկել է, մեզ վիրավորել է, անպատվել է, վատ բառեր է ասել տարբեր պատճառներով. իմ երեխան ինչո՞ւ պետք է դասարանը մաքրի, այն դեպքում, երբ դասարան չի մաքրում, մեր դպրոցում կա հինգ հավաքարար, որոնք մաքրում են ամբողջ դպրոցը՝ դասարաններով:

Գուցե մի անգամ իր երեխան դասի ժամին գրատախտակ մաքր: Կամ մի մեծ փոթորիկ բարձրացրեց՝ ինչու դպրոցը պետք է անցնի կաբինետային համակարգի, ի՞նչ եք կարծում՝ կա՞ այստեղ փոթորկի թեմա: Կամ մի անգամ էլ եկավ դռան մոտ, իբրեւ թե ծնողներով ցանկացել են իմ հետ զրուցել, դասի եմ եղել, ասել եմ՝ թող սպասեն մինչեւ քիչ անց զանգը տա, գամ աշխատասենյակ, իրենք էլ գան: Այդ ընթացքում պահակին այնպես էր անպատվել, ֆիզկուլտուրայի ուսուցչին ծաղիկներով խփել էր: Ինչ անում է, իր խնդիրն է, բայց մենք մանկավարժներ ենք, մենք երեխայի նկատմամբ ունենք շատ լավ վերաբերմունք, այդ երեխան իրեն դպրոցում վատ չի զգում, ժպիտը միշտ դեմքին: Նույնիսկ եթե ծնողն իրեն սխալ է պահում, ես կարո՞ղ եմ երեխայի հետ հարց լուծել, դա հակամանկավարժական է, ես թույլ չեմ տա, որ իմ դպրոցում նման բան լինի: Իր երեխան երբեք դպրոցում չի լացել, ես նման բան ոչ տեսել եմ, ոչ լսել եմ: Շատ ակտիվ, ինքնավստահ երեխա է»:

Տիկին Հարությունյանի խոսքով, ոստիկանություն ահազանգած կինը կոնֆլիկտային ծնող է ու իր պարբերական բողոքների ու այլ ծնողներին բողոքել հրահրելու պատճառով՝ իր երեխայի համադասարանցիներից մի քանիսը ստիպված կամ դպրոցից են հեռացել, կամ դասարանն են փոխել. «Մեկ ուսուցիչ թողել է դասարանը այդ ծնողի պատճառով, մեկ աշակերտ դպրոցն է փոխել այդ ծնողի պատճառով, մեկ այլ աշակերտ տեղափոխվել է մյուս դասարան, որովհետեւ այդ ծնողը ոչ աշխատանքային ժամերի զանգում է, ծնողներին անհանգստացնում է, ուսուցիչներին էլ է նման կերպ զանգում. զանգում է՝ ասում է եկեք, բողոքեք»:

Տնօրենը նաեւ հավելեց, որ տվյալ ծնողի վատ տրամադրվածությունը դպրոցի աշխատակազմի նկատմամբ ազդում է նաեւ իր երեխայի վրա, երեխան ագրեսիվ է դառնում ուսուցիչների հետ խոսելիս, օրինակ` մի անգամ ուսուցիչներից մեկից հետաքրքրվել է՝ «իսկ դու բարձրագույն կրթություն ունե՞ս, որ եկել ես»: Ըստ տնօրենի՝ երեխայի հետ զրուցել է հենց փոխտնօրեն Հակոբյանը, որին տվյալ ծնողը մեղադրում է հոգեբանական ճնշում իր երեխայի նկատմամբ գործադրելու մեջ: Ըստ տնօրենի՝ փոխտնօրենի հետ զրուցելուց հետո երեխան խաղաղվել ու հեռացել է:

Նմանատիպ նյութեր