211652_close_icon
views-count34991 դիտում article-date 12:30 09-05-2024

Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա

Երեկ՝ մայիսի 8-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում մի քանի օրական երեխա է հայտնաբերվել:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Րաֆֆի Բագրատունյանի գլխավորությամբ: 

Ոստիկանները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: 

Նշված եկեղեցու այգեպանը աշխատանքներ կատարելու ժամանակ եկեղեցու այգում հայտնաբերել է նորածին երեխայի, ինչի մասին հայտնել է իր ծանոթ, Երևանի բնակիչ 68-ամյա Մարիամ Հ.-ին, ով երեխային տարել է իր տուն, խնամել:
 
Ոստիկաններն այնուհետև մեկնում են Մարիամ Հ.-ի տուն, որտեղ էլ հայտնաբերում են 5 օրական երեխայի ու նրան տեղափոխում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: 

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում,որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիային քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ երեխայի ծնողին հայտնաբերելու ուղղությամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր