211652_close_icon
views-count42975 դիտում article-date 21:16 11-05-2024

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. անորակ ճանապարհի ջրափոսի պատճառով «Opel»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ, որոնց հարազատներն ասում էին՝ նրանց փրկել է ամրագոտին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Արտուշ Ա.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 14 կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, հայտնվել է ճանապարհի ջրափոսում, ինչից հետո կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, դրանցից մի քանիսը պոկել և մոտ 100 մ առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել հանդիպակաց գոտում՝ ճանապարհի մեջտեղում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը ու ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Ավետիք Մ.-ն և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 21-ամյա Արսեն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատի փրկարարները ու «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։

Վերջիններս վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Սախոյանը և Տարոն Բարսեղյանը։

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ մինչ նրանց ժամանումը հետաքրքրասեր որոշ վարորդներ ավտոմեքենաները կայանել էին ու ստեղծել արհեստական խցանում, սակայն պարեկների ժամանումից հետո հաշված րոպեների ընթացքում երթևեկությունը կարգավորվեց։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Էդմոն Այվազյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գրիգոր Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վիրավորներն իրենց բարեկամներն են, որոնցից մեկը զինծառայող է։ Նրանք փրկվել են, քանի որ եղել են առաջին հերթին ամրակապված, ապա՝ քաղաքացիների փրկարարների ու բժիշկների շնորհիվ։ Եթե նրանք ամրագոտին կապած չլինեին, հաստատ մեքենայից դուրս էին շպրտվելու ու հնարավոր է՝ վթարը ողբերգական հետևանքներ ունենար, բայց հիվանդանոցից նաև պարզել ենք, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հետազոտման փուլում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր