211652_close_icon
views-count763 դիտում article-date 19:21 14-05-2024

Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից

Վրաստանի իրավապահները Թբիլիսիում ցուցարարներին հեռացրել են Վրաստանի խորհրդարանի շենքից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի դիմաց, մայիսի 14-ին տեղի է ունենում հերթական բողոքի ակցիան՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի։ Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծը, սակայն ցուցարարները չեն պատրաստվում հեռանալ։

Անվտանգության ուժերը շարունակում են դուրս մղել բողոքի ակցիայի մասնակիցներին: Ռուսթավելիի պողոտայում կանգնած են հատուկ նշանակության ստորաբաժանումները և ջրցան մեքենաները։ Վրաստանի ՆԳՆ-ն ցուցարարներին խնդրում է գործել օրենքի շրջանակներում։

Վրաստանի իշխող կուսակցության ներկայացրած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը պարտավորեցնում է ոչ կառավարական կազմակերպություններին և լրատվամիջոցներին, որոնք իրենց ֆինանսավորման 20 տոկոսից ավելին ստանում են արտերկրից, գրանցվել որպես օտարերկրյա տերության շահերը քարոզող կազմակերպություն։ Երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ նման օրենսդրությունն անհրաժեշտ է դրամաշնորհ ստացողների ֆինանսական թափանցիկությունն ապահովելու համար։

Վրաստանի ընդդիմությունը, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, Եվրոպայի խորհուրդը, արևմտյան առանձին երկրների ղեկավարներ Վրաստանի իշխանություններին կոչ են արել չընդունել օրինագիծը՝ նշելով, որ դա նման է «Օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքին, և նախազգուշացրել են, որ դրա ընդունումը կխոչընդոտի Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը։ Օրինագծի ընդունման դեմ Թբիլիսիում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացվել։

Նմանատիպ նյութեր