211652_close_icon
views-count1060 դիտում article-date 18:28 08-07-2024

Իսրայելական տանկերը նորից մտել են Գազա. քաղաքը ռմբակոծվում է

Գազա քաղաքում գտնվող պաղեստինցիները հայտնել են, որ Իսրայելի կողմից ինտենսիվ ռմբակոծության են ենթարկվում։ Ըստ ականատեսների՝ իսրայելական տանկերը մի քանի տարբեր ուղղություններից մոտենում են քաղաքի կենտրոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Գազայի քաղաքացիական արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, կան զոհեր, սակայն հնարավոր չէ նրանց հասնել, քանի որ քաղաքի արևելյան և արևմտյան շրջաններում մարտեր են ընթանում։

Ըստ տեղեկությունների՝ ալ-Ահլի Բապտիստ հիվանդանոցից տարհանում է իրականացվել․ հիվանդներին տեղափոխել են քաղաքում գործող միակ և արդեն իսկ գերծանրաբեռնված ինդոնեզական հիվանդանոց։ 

Նախքան գործողության մեկնարկը Իսրայելի պաշտպանության բանակը քաղաքացիական անձանց հրահանգել էր դուրս գալ Գազա քաղաքի արևմտյան շրջաններից։

Կողմերի միջև հրադադար կնքելու շուրջ բանակցությունները վերսկսվել են և կշարունակվեն այս շաբաթ։ ՀԱՄԱՍ-ի աղբյուրները հայտնել են, որ հրաժարվել են իրենց հիմնական պահանջներից մեկից, ըստ որի Իսրայելը պետք է մշտական զինադադարի գնար՝ որպես ցանկացած հնարավոր գործարքի նախապայման։ Իր հերթին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ոչ մի գործարք չպետք է խոչընդոտի Իսրայելին վերսկսել Գազայի հատվածում ռազմական գործողությունները, մինչև Իսրայելը չհասնի իր նպատակներին, այն է՝ ՀԱՄԱՍ-ի քաղաքական և ռազմական կառույցների ոչնչացմանը։ 

2023 թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժման հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, հասել է 38 200-ի։ 

Նմանատիպ նյութեր