211652_close_icon
views-count982 դիտում article-date 21:20 28-07-2024

Իրանի նոր նախագահն Արևմուտքի հետ մերձեցման հույս է արթնացնում. The Guardian

Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնապես ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը՝ արթնացնելով Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավման, ներքին գրաքննության և տնտեսության նկատմամբ նոր մոտեցման փոքր հույս: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:

«Իր քառամյա նախագահության մեկնարկին նվիրված երդմնակալության արարողության ժամանակ Մասուդ Փեզեշքիանն ասել է, որ Իրանի ժողովուրդը քվեարկել է փոփոխությունների օգտին, ինչպես նաև խոստացել է կառուցողական համագործակցություն Արևմուտքի հետ:

Ակնկալվում է, որ բարեփոխիչների թևի ներկայացուցիչ Փեզեշքինն առաջիկա օրերին կաբինետի մի շարք նշանակումներ կանի: Իր պաշտոնավարման առաջին պաշտոնական որոշմամբ՝ Փեզեշքիանն առաջին փոխնախագահ է նշանակել 72-ամյա Մոհամմադ Ռեզա Արեֆին, որը նույնպես բարեփոխիչ է և նախկին նախագահի մերձավոր գործընկերն էր», - գրում է աղբյուրը:

Պարբերականը հիշեցնում է, որ Փեզեշքիանը նախընտրական քարոզարշավում պնդել էր, որ Իրանը չի կարող հույս ունենալ, որ կհասնի իր ուզած տնտեսական աճին առանց ԱՄՆ պատժամիջոցներից ազատվելու և ահաբեկչության ֆինանսավորման և փողերի լվացման դեմ պայքարող համաշխարհային վերահսկող կազմակերպության՝ Ֆինանսական գործողությունների աշխատանքային խմբի սև ցուցակից դուրս գալու: Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունները չեն կարող փոխհատուցել պատժամիջոցների ազդեցությունը, պնդել էր նա:

«Դա նշանակում է, որ Իրանը ստիպված կլինի վերսկսել դիվանագիտությունը Արևմուտքի հետ իր միջուկային ծրագրի շուրջ, այն բանից հետո, երբ բանակցությունները մեկ տարուց ավելի փակուղում են», - նշում է պարբերականը:

Ըստ The Guardian-ի լարվածությունը նրանց միջև, որոնք պնդում են, որ Իրանը կարող է լավագույնս պահպանել անկախությունը՝ դիմակայելով արևմտյան պատժամիջոցներին, և մյուսների միջև, որոնք պնդում են, որ այդ պատժամիջոցները կապում են Իրանի ձեռքերը, կլինի Փեզեշքիանի նոր նախագահության հիմնական հակասություններից մեկը:

Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի Մերձավոր Արևելքի մասնագետ Էլլի Գերանմայեն այս թեմայի վերաբերյալ նշել է, որ ընտրությունները պահանջում են Արևմուտքի արձագանքը: Նրա խոսքով՝ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան «պետք է համակարգեն քայլերը Վաշինգտոնի և իրենց արաբ դաշնակիցների հետ՝ կոնկրետ տնտեսական օգնության կենսունակ ուղիներ ստեղծելու համար, բայց միայն այն դեպքում, եթե Իրանը պատրաստ լինի անհապաղ հետ շրջել իր միջուկային ծրագիրը»:

Նմանատիպ նյութեր