211652_close_icon
views-count1156 դիտում article-date 22:24 28-07-2024

Ֆրանսիան, Նորվեգիան և Բելգիան իրենց քաղաքացիներին կոչ են արել անհապաղ լքել Լիբանանը

Բելգիայի, Ֆրանսիայի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունները Լիբանանում գտնվող իրենց քաղաքացիներին կոչ են արել անհապաղ լքել երկիրը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն դատապարտել է հարձակումը Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքների վրա և քաղաքացիներին խորհուրդ է տվել հետաձգել Լիբանան, Իսրայել և Պաղեստին ուղևորությունները։

Բելգիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ Մաջդալ Շամս գյուղի ֆուտբոլի դաշտում հրթիռի հարվածից հետո խորհուրդ է տրվում չմեկնել Իսրայել, Երուսաղեմ և պաղեստինյան տարածքներ, ինչպես նաև Լիբանան։ Բելգիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում լքել Լիբանանը, պարզաբանում է հրատարակությունը։

Նմանատիպ հայտարարություն է տարածել Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Եթե անվտանգային իրավիճակը վատթարանա, երկիրը լքելը կարող է չափազանց դժվար լինել։ Այս իրավիճակում Նորվեգիայի իշխանությունների՝ Լիբանանում գտնվող Նորվեգիայի քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու հնարավորությունը չափազանց սահմանափակ կլինի»,- ասված է  գերատեսչության հաղորդագրությունում։

Երեկ՝ հուլիսի 27-ին, Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքների մի մասը Լիբանանի տարածքից ենթարկվել է հրթիռակոծության։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Գոլանի բարձունքներում զոհվել է 12 մարդ։ Իսրայելն ասում է, որ հարվածները հասցվել են լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից՝ օգտագործելով իրանական հրթիռներ։ Ինքը՝ շարժումը, հերքում է իր մասնակցությունը հարձակումներին:

Նմանատիպ նյութեր