211652_close_icon
views-count14136 դիտում article-date 23:14 26-08-2024

Երևանում պարեկներն իրականացրել են «Ամեն քեռու տված շաքարաքլոր բերանը չեն տանում» օպերացիան․ քեռին ու եգյանը բռնվել են խոշոր չափի թմրամիջոց իրացնելիս․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա Երևանում իրականացրել են օպերացիա, որը կրել է «Ամեն քեռու տված շաքարաքլոր բերանը չեն տանում» անվանումը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանում 2 քաղաքացի մի քանի օր է կասկածելի տեղաշարժեր են կատարում ու քանի որ ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը Պարեկային ծառայության ղեկավար կազմին միշտ հորդորել են, որ պետք է նաև բնակչության հետ շփվելու արդյունքում կարողանան կանխել ու բացահայտել հանցագործություններ, ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները մի քանի օր բնակիչների հետ բակերում հանդիպել են, զրուցել ու դրա արդյունքում պարեկներն արդեն ստացել են հստակ կասկածյալների արտաքին տվյալներն ու անցել են գործի։

Երեկ՝ օգոստոսի 25-ին, 4-րդ գումարտակի պարեկները ենթադրյալ կասկածյալներին նկատում են Գ․ Աղաբաբյանց փողոցում և նրանց ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալում են ու տեղափոխում ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք։
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալները ՀՀ մարզերից մեկի բնակիչներ 22-ամյա Գրիգոր Մ․-ն և 21-ամյա Նարեկ Մ․-ն են։ Անձնական խուզարկությամբ Գրիգոր Մ․-ի մոտ հայտնաբերվում է ընդհանուր 1,41 գրամ քաշով փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով։

Գրիգոր Մ․-ն հայտնել է, որ այն «մարիխուանա» տեսակի թմրամիջոց է։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ ու դրա շրջանակներում վերջիններս քննիչի որոշմամբ ձերբակալվել են, իսկ դեպքի վայրի զննությամբ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 41 հատ սև, կպչուն ժապավենով փաթեթավորված մոտ 75 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Նարեկ Մ․-ն հայտնել է, որ այդ ամենը «մարիխուանա» տեսակի թմրամիջոց է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գրիգոր Մ․-ն Նարեկ Մ․-ի քրոջ որդին է։ 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր