211652_close_icon
views-count34843 դիտում article-date 23:15 28-08-2024

Խոշոր ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ Վարդենյանց լեռնանցքում բիտումով բարձված «Volvo» բեռնատարը կողաշրջվել է․ կա վիրավոր․ ճանապարհը դարձել է երթևեկության համար միակողմանի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում բիտումով բեռնված «Volvo» մակնիշի ավտոցիստեռնը, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են դիզվառելիքի արտահոսքը, որը առաջացել է բակից, հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել են տարածքը ու կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Կարապետ Հարությունյանի և 2-րդ վաշտի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու հերթապահ Վահիկ Սարգսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Հովհաննես Հովհաննիսյանն ու պարեկ Արտյոմ Չաթոյանը։ Պարեկները տեղում ծառայություն են իրականացնում, քանի որ կողաշրջման հետևանքով ճանապարհը դարձել է երթևեկության համար միակողմանի։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արմինե Գևորգյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը վարորդն է։

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր