211652_close_icon
views-count583 դիտում article-date 18:56 30-08-2024

Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է զարկ տա սեփական զենքի արտադրությանը

Եվրամիությունը պետք է ունենա ինքնապաշտպանության և հակառակորդի զսպման միջոցներ՝ չնայած ՆԱՏՕ-ի գոյությանը, և պետք է ավելացնի սեփական զենքի արտադրության կարողությունները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Պրահայի GLOBESEC անվտանգության խորհրդաժողովում։ 

«Եվրոպան պաշտպանելը Եվրոպայի առաջին և գլխավոր  պարտականությունն է։ Եվ չնայած ՆԱՏՕ-ն պետք է մնա մեր հավաքական պաշտպանության կենտրոնում, սակայն մեզ անհրաժեշտ է ավելի ուժեղ եվրոպական հենասյուն», - Եվրահանձնաժողովի նախագահի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը։

Նա նաև նշել է, որ պատրանք է եղել այն, թե Եվրոպան այս տասնամյակի սկզբում բավական բան է արել անվտանգության համար։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ տասնամյակի երկրորդ կեսը մեծ վտանգներ է պարունակելու։

«Մենք՝ եվրոպացիներս, պետք է աչալուրջ լինենք։ Մենք մեր ուշադրությունը պետք է նորից կենտրոնացնենք մեր արած յուրաքանչյուր գործի անվտանգության կողմի վրա։ Մենք մեր Միությունը պետք է դիտարկենք որպես իր էությամբ անվտանգության նախագիծ», - ասել է նա։

Ֆոն դեր Լայենը նաև հաստատել է, որ մտադիր է ստեղծել  պաշտպանության հարցերով եվրահանձնակատարի պաշտոն  Եվրահանձնաժողովի նոր կազմում, որը պետք է ձևավորվի աշնանը։ 

Նմանատիպ նյութեր