211652_close_icon
views-count718 դիտում article-date 16:59 20-09-2024

Հոսանքի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի բարելավմանը 65 միլիարդով քիչ ներդրում է ուղղվել

Էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի ցուցանիշների բարելավման ուղղությամբ 2016–2023թթ. նախատեսվածի նկատմամբ 65 մլրդ-ով ավելի քիչ ներդրումներ են իրականացվել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ԱԺ–ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ՝ էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրների թեմայով հանդիպմանը:

Գարեգին Բաղրամյանը ներկայացրեց, թե 2016–2023թթ ինչ աշխատանքներ են նախատեսված եղել ՀԷՑ–ի ներդրումային ծրագրով: Ներդրումները 7 տարվա համար նախատեսված են եղել 233 մլրդ: Ներդրումների շուրջ 50 տոկոսը պետք է ուղղվեր սպասարկման որակի ցուցանիշների բարելավմանը: Նոր սպառողների միացումների համար նախատեսված է եղել 28 մլրդ դրամ:

Սրանք այն հիմնական արդյունքային ցուցանիշներն են, որոնք եղել են ներդրումային ծրագրի հիմքում: Սակայն Բաղրամյանը ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել փաստացի. «7 տարում ներդրումների ծավալները գրեթե պահպանվել են: Այսինքն՝ նախատեսված 233 մլրդ–ի դիմաց փաստացի 230 մլրդ–ն իրականացել է: Սպասարկման որակի ցուցանիշների բարելավման ուղղությամբ 50 տոկոսով ավելի քիչ ներդրում է իրականացվել: 65 մլրդ–ով ավելի քիչ ներդրում է իրականացվել»:

Այսպիսով` սպասարկման որակի ցուցանիշների բարելավման ուղղությամբ նախատեսված 133.7 մլրդի դիմաց ներդրվել է 68.7 մլրդ

Ըստ ՀԾԿՀ նախագահի՝ դրա համար կան օբյեկտիվ պատճառներ: Պատճառներից մեկը մեծ թվով նոր սպառողների միացումն է: Նոր սպառողների միացման ուղղությամբ նախատեսված 28 մլրդ–ի փոխարեն ուղղվել է 66.6 մլրդ, այսինքն՝ թիվը գերազանցվել է մոտ 39 մլրդ–ով: «Նոր սպառողների միացումը պարտադիր, առաջնահերթ իրականացվող ներդրում է: Դրանք ընդհանուր ռեսուրսից խլել են մոտ 39 մլրդ»,–ասաց Բաղրամյանը:

Նա շարունակեց՝ ընկերությունը սպասարկման որակին ուղղվող ներդրումների հաշվին իր ներդրումներն ուղղել է առևտրային հաշվառման համակարգի բարելավման ուղղությամբ: «Արդյունքում, իհարկե, սպասարկման որակը որոշ չափով չի բարելավվել, բայց դրա արդյունքում, եթե սակագնում ներառել ենք 7.5 տոկոս կորուստ, փաստացի կորուստներն արդեն 6.5 տոկոս են: Դա դրական ազդեցություն է ունենում ընդհանուր սակագների վրա»,–ասաց նա:

Ապա ՀԾԿՀ նախագահը շարունակեց. «Մեր կարծիքով ամենամեծ խնդիրը, որ այսօր ունենք հոսանքի հաճախակի անջատումների համար, համակարգի մաշվածությունն է: Փաստորեն ռեսուրսները, որոնք ուղղվում են այդ ուղղությանը, որոշակի նվազել են, քանի որ կանխատեսվող նոր սպառողների միացումներն են շատացել»:

Բաղրամյանի խոսքով՝ այդ ուղղությամբ վերջին 2 տարում  3 միջոցառում է իրականացվել, օրինակ՝ էականորեն բարձրացվել են նոր միացման վճարները: 

Նմանատիպ նյութեր