211652_close_icon
views-count19756 դիտում article-date 10:55 24-09-2024

Վրաերթ՝ Երևանում. 20-ամյա վարորդը «Lexus»-ով կանգառում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, կոտրել սրճեփ ապարատն ու հայտնվել կանաչ գազոնում. վրաերթի ենթարկված 3 անձինք տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:35-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Միքայել Ա.-ն իր վարած «Lexus CX300» մակնիշի ավտոմեքենայով Բաշինջաղյան փողոցում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա կոտրել ճանապարհին տեղադրված սուրճի ապարատը, անցել կանաչ գազոնի վրայով և մասամբ հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փոխուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, քաղաքացիների օգնությամբ օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներին վիրավորներին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:  

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:  

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հրանտ Աբրահամյանն ու պարեկ Երեմ Գալստյանը:

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի, ավագ քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:  

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:  

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:  

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր