211652_close_icon
views-count796 դիտում article-date 14:59 27-09-2024

Շուրջ 69 մլն դրամ պետբյուջեից՝ Անահիտ աստվածուհու գլխի և ձեռքի ՀՀ-ում ցուցադրման համար. ԿԳՄՍՆ. Tert.am

Անահիտ աստվածուհու գլխի և ձեռքի ժամանակավոր տեղափոխման, պահպանության և ցուցադրության համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 69 մլն ՀՀ դրամ:

Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից:

Նախարարության գործընկերն ու աջակիցն է եղել նաև «Կերոն» զարգացման հիմնադրամը:

Նախարարությունից նաև տեղեկացրել են, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Մայր աստվածություն, Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության կազմակերպման և հանրահռչակման իրականացման, ինչպես նաև բացման արարողության կազմակերպան համար Մշակույթի զարգացման հիմնադրամի հետ կնքել է 07.08.2024 թ. N ՄՇԴ-356-2024 և 20.09.2024 թ. N ՄՇԴ-391-2024 պայմանագրերը, որոնք տեղադրված են նախարարության պաշտոնական կայքում:

Հիշեցնենք, որ Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքը, որ պահվում են Բրիտանական թանգարանում սեպտեմբերի 21-ից ցուցադրվում են Հայաստանի պատմության թանգարանում, դրանք կցուցադրվեն վեց ամիս Մայր աստվածությանը վերաբերող նմուշների հետ: Ցուցադրությունը կոչվում է «Մայր աստվածություն՝ Անահիտից Մարիամ»:

Անահիտի բրոնզաձույլ արձանը նախկինում երբեք Հայաստանում չի ցուցադրվել։ Ըստ Բրիտանական թանգարանի կայքի՝ Անահիտի պաշտամունքային արձանի այս գլուխը գտնվել է 1870-ականներին՝ Էրզրումի Սաթալա բնակավայրում։ Մի քանի հնավաճառներ այն ձեռքից ձեռք են փոխանցել, ի վերջո, Անահիտի կիսանդրին Բրիտանական թանգարանն է ձեռք բերել։

Նմանատիպ նյութեր