211652_close_icon
views-count1969 դիտում article-date 14:33 22-10-2024

Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենի և այլոց վերաբերյալ քրեական գործը դատախազը հանձնել է Հակակոռուպցիոն դատարան

Փ.Յ.-ն, 2008 թվականից մինչև 2019 թվականը զբաղեցնելով «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Մետրոպոլիտեն) տնօրենի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ կատարել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ:

Մասնավորապես՝

Փ.Յ.-ն իր որդու հետ 2008 թվականի սեպտեմբերի 1-ին կնքել է աշխատանքային պայմանագիր, որի հիման վրա՝ որդին զբաղեցրել է Մետրոպոլիտենի «Կապի և ազդանշանման» մասնաճյուղի պետի տեղակալի, իսկ 2014 թվականի օգոստոսի 4-ից՝ «Ազդանշանման և կապի» մասնաճյուղի պետի պաշտոնները: Փ.Յ.-ն Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահի օժանդակությամբ ստացել է Խորհրդի անդամների միաձայն հավանությունը՝ Մետրոպոլիտենի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 76 շենքի (կապի տան) 944,5 քմ մակերեսով նկուղային հարկն օտարելու վերաբերյալ: Ընկերության տնօրենների խորհրդի գրության հիման վրա՝ Երևանի քաղաքապետը 2013 թվականի օգոստոսի 20-ին գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին՝ առաջարկելով հանձնարարել համապատասխան գերատեսչությանը՝ հրապարակային սակարկությունների միջոցով նշված տարածքը ներկայացնել օտարման:

«Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի գնահատողը 2013 թվականի հոկտեմբերի 23-ին կազմել է գնահատման կեղծ հաշվետվություն: Հաշվետվության համաձայն՝ 944,5 քմ մակերեսով տարածքի շուկայական արժեքը 2013 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ կազմել է 106 մլն 850 հազար դրամ: Գնահատողը վերոնշյալ փաստաթղթում դիտավորությամբ չի ներառել շենքի նկուղային հարկաբաժնի տարածքի համար հատկացված՝19459 հա և 0.0038736 հա մակերեսներով հողամասերն ու դրանց շուկայական արժեքները:
Արդյունքում՝ գույքը, որի իրական շուկայական արժեքը 2013 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ կազմել է 194 մլն 880 հազար դրամ, գնահատվել է 106 մլն 850 հազար դրամ: 2013 դեկտեմբերի 4-ին անշարժ գույքն աճուրդի է դրվել, մեկնարկային գին է սահմանվել 106 մլն 850 հազար դրամը: 2013 թվականի դեկտեմբերի 4-ին կայացած առաջին և նույն թվականի դեկտեմբերի 16-ին կայացած երկրորդ աճուրդներին որևէ անձ (այդ թվում՝ Մետրոպոլիտենի տնօրենի որդին) չի մասնակցել, գույքն աճուրդով չի վաճառվել: Մետրոպոլիտենի տնօրենի որդին անշարժ գույքը գնել է երրորդ աճուրդի ժամանակ՝ 2013 թվականի դեկտեմբերի 26-ին՝ 75 մլն 393 հազար դրամով:

Մետրոպոլիտենի տնօրենն իր որդու օժանդակությամբ հափշտակել է 7 մլն 104 հազար դրամ, մեկ այլ դեպքում՝ որդու և Մետրոպոլիտենում աշխատող որդու ընկերոջ օժանդակությամբ՝ 38 մլն 505 հազար դրամ:

Մետրոպոլիտենի տնօրենը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի նախկին տեղակալի խնդրանքով, աշխատանքի է ընդունել երեք վարորդի, ովքեր ընկերությունում փաստացի չեն աշխատել, փոխարենը՝ տարիներ շարունակ որպես վարորդ՝ սպասարկել են Քաղաքապետարանի վերոնշյալ պաշտոնյային ու նրա ընտանիքի անդամներին: Մետրոպոլիտենի բյուջեից 2012 թվականի օգոստոսից մինչև 2018 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում երեք վարորդներին վճարվել է 11 մլն 147 հազար դրամ աշխատավարձ, հատկացվել է 11 մլն 887 հազար դրամի բենզին, ավտոմեքենաների տեխսպասարկման համար՝ 5 մլն դրամ: Արդյունքում՝ Մետրոպոլիտենի տնօրենը վատնել է շուրջ 28 մլն դրամ:

Մետրոպոլիտենի տնօրենը ընկերության կարիքների համար ձեռք բերված բենզինից, 2009 թվականի հոկտեմբերից մինչև 2019 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում, յուրաքանչյուր ամիս տարբեր խմբաքանակներով հափշտակել է 39 մլն 963 հազար դրամի 110 հազար լիտր բենզին:

Մետրոպոլիտենի տնօրենը 2015 թվականի հուլիսի 1-ին աշխատանքի է ընդունել քաղաքացու, ով աշխատանքի չի հաճախել, չի կատարել իր աշխատանքային պարտականությունները, սակայն Մետրոպոլիտենի բյուջեից 2015-2018 թվականներին ստացել է 7 մլն 120 հազար դրամ աշխատավարձ:

Մետրոպոլիտենի տնօրենը 2011 թվականի մայիսի 27-ին կնքած պայմանագրով աշխատանքի է ընդունել մեկ այլ քաղաքացու, ով նույնպես աշխատանքի չի հաճախել, սակայն ընկերության բյուջեից 2011-2014 թվականներին ստացել է 4 մլն դրամ աշխատավարձ:

Մետրոպոլիտենի տնօրենը, խախտելով «Գնումների մասին» օրենքի պահանջը, առանց մրցույթ հայտարարելու և անցկացնելու, 2017 թվականի օգոստոսի 4-ին Մետրոպոլիտենի անունից ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ կնքել է պայմանագիր, որը նույնական է եղել նախորդ տարում կնքած պայմանագրի առարկային, սակայն պայմանագրի արժեքը 220 հազար եվրոյով ավելի է եղել:

Դատախազը 2024 թվականի 2024 թվականի սեպտեմբերի 12-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Մետրոպոլիտենի տնօրենի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելը) (7 դրվագ), գործող Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝վստահված խոշոր չափի գույքը հափշտակելը), Մետրո­պոլիտենի տնօրենի որդու նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելուն օժանդակելը) (երկու դրվագ): Հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել ևս հինգ անձի նկատմամբ: Մետրոպոլիտենի տնօրենի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է ընտրվել 5 մլն դրամ գրավը, Մետրոպոլիտենի տնօրենի որդու նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

2024 թվականի հոկտեմբերի 15-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Նախնական դատալսումների ընթացքում կներկայացվի գույքային հայց:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնից տեղեկություն էր ստացվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանցանք կատարելու վերաբերյալ փաստական տվյալներ էին հայտնաբերել, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանը ծառայողական պարտականություները չկատարելու հետևանքով կազմակերպությանը վնաս էր պատճառել գույքի վատնման եղանակով և հափշտակել խոշոր չափերի գույք: 

Փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 256 հոդ. 3-րդ մասի 3 կետի հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր էին կազմվել, որոնք փոխանցվել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր