211652_close_icon
views-count1108 դիտում article-date 23:03 22-10-2024

ՀՀ ՄԻՊ-ի և ՄԻՊ դանիական հաստատությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատությունների միջև հոկտեմբերի 22-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՄԻՊ աշխատակազմից, հուշագիրը ստորագրել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ու Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության տնօրեն Լուիս Հոլքը։ 

«Ստորագրման միջոցառումը կազմակերպվել է Պաշտպանի հաստատության 20-ամյակին նվիրված «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. Ճկունություն և մարտահրավերներ» խորագրով երկօրյա բարձր մակարդակի միջազգային համաժողովի շրջանակներում, որին մասնակցել են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ՄԻՊ հաստատությունների և իրավահավասարության մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ ավելի քան 15 պետություններից։ 

Հուշագիրը համագործակցության ձևաչափ է, որը նպատակ ունի խթանել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության միջև հաղորդակցությունը, կարողությունների զարգացման համար փորձի փոխանակումը՝ բարելավելու համար հաստատությունների աշխատանքները մարդու իրավունքների խթանման ու պաշտպանության հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ըստ աղբյուրի՝ հուշագրի ստորագրման առթիվ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շեշտադրել է, որ կարևորում է Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության հետ համագործակցությունն ու փորձի փոխանակումը, իսկ այս հուշագիրը թույլ կտա առավել մեծ թափով իրականացնել համատեղ ծրագրեր: 

Նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության տնօրեն Լուիս Հոլքը  ևս կարևորել է հուշագրի ստորագրումը, քանի որ հնարավորություն է ստեղծվում էլ ավելի զարգացնելու հայ-դանիական համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Համագործակցության համար առաջնահերթություն ներկայացնող ոլորտները հստակեցվելու են աշխատանքային կարգով։ 

Հուշագրով նախատեսված միջոցառումների իրականացման և երկու հաստատությունների միջև հաղորդակցության ապահովման համար կողմերը իրենց հաստատություններից նշանակելու են պատասխանատու անձանց։

Նմանատիպ նյութեր