211652_close_icon
views-count1084 դիտում article-date 21:24 30-10-2024

ՀՀ դեսպանը Չեռնոգորիայի ԱԺ փոխնախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը

Հոկտեմբերի 22-24-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն աշխատանքային այցով գտնվում էր Չեռնոգորիայում: Դեսպանին ընդունեցին Չեռնոգորիայի Խորհրդարանի փոխնախագահ Զդենկա Պոպովիչը, Արտաքին և Եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչը, Միջազգային հարաբերությունների փոխվարչապետ և Արտաքին գործերի նախարար Էրվին Իբրախիմովիչը, Եվրոպական գործերի նախարար Մայդա Գորչևիչը:
 
Արտաքին գործերի նախարարությունում ՀՀ դեսպանը հանդիպումներ ունեցավ Գլխավոր քարտուղար Ադիս Պեպիչի, Եվրոպական գործերի գլխավոր տնօրեն Սնեժանա Ռադովիչի, Երկկողմ հարաբերությունների գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Ալեքսանար Դռլյևիչի հետ: Խորհրդարանում տեղի ունեցան դեսպանի հանդիպումները Եվրոպական գործերի հանձնաժողովի նախագահ Իվան Վուկովիչի և վերջերս Երևանում Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների գլոբալ 10-րդ համաժողովին մասնակցած Չեռնոգորիայի Խորհրդարանի անդամներ Եվրոսիմա Պեյովիչի և Նիկոլա Զիրոյևիչի հետ:
 
Դեսպան Հովակիմյանը ներկայացրեց Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա վերջին զարգացումները:

Քննարկվեցին երկկողմ հարաբերությունների հետագա ակտիվացման և ընդլայնման, Հարավային Կովկասում և Արևմտյան Բալկաններում տեղի ունեցող զարգացումները, միջազգային հարթակներում համագործակցությունը։

Մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Չեռնոգորիայի միջև քաղաքական երկխոսությունը ակտիվացնելու, բարձրաստիճան այցեր փոխանակելու, ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու, Երևանի և Պոդգորիցայի միջև գործընկերային կապերն ամրապնդելու հնարավորությունների վերաբերյալ:
 
Չեռնոգորիայի Խորհրդարանում հանդիպումների ընթացքում երկուստեք արձանագրվեց միջխորհրդարանական հարաբերությունների աշխուժացման և Չեռնոգորիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի վերջնական ձևավորման անհրաժեշտությունը:
 
Հաշվի առնելով Չեռնոգորիայի, որպես ԵՄ թեկնածու երկրի, առաջընթացը Եվրոպական Միությանն անդամակցության բանակցություններում, պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցություն սկսել Եվրոպական Միության ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև եվրաինտեգրման փորձի փոխանակման նպատակով խորհրդակցություններ և այցեր կազմակերպել:

Նմանատիպ նյութեր