211652_close_icon
views-count1285 դիտում article-date 22:24 01-11-2024

Հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը մտել է ուժի մեջ

Գրիգորյանը և  Մուստաֆաևն առանձին քննարկել են տրանսպորտային հաղորդակցություններին վերաբերող հարցեր:

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովներն այսօր փոխանակել են սահմանազատման կանոնակարգի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացման մասին ծանուցումները:

Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովների 10-րդ հանդիպումը տեղի է ունեցել երկու երկրների սահմանին:

Ծանուցումների փոխանակումը նախատեսված էր հանձնաժողովների համատեղ գործունեության մասին 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված կանոնակարգի 7-րդ հոդվածի համաձայն:

«Հաշվի առնելով, որ Կանոնակարգի 7-րդ հոդվածով նախատեսվում է, որ այն ուժի մեջ է մտնում այդպիսի ընթացակարգերն ավարտելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրը՝ Կողմերը արձանագրել են, որ նշված Կանոնակարգն ուժի մեջ է մտնում 2024 թվականի նոյեմբերի 1-ին», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Կողմերը մտքեր են փոխանակել սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման համար սահմանագծի հատվածների/հատվածամասերի հերթականության հարցի շուրջ, քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:

Հանձնաժողովների հանդիպման ավարտից հետո Գրիգորյանը և Մուստաֆաևն առանձին քննարկել են տրանսպորտային հաղորդակցություններին վերաբերող հարցեր, ասված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր