211652_close_icon
views-count967 դիտում article-date 18:04 27-11-2024

Հանձնաժողովի անդամները հանդիպել են Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանի հետ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը` նոյեմբերի 27-ին հանդիպելով Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի հետ, ասել է.

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Շվեյցարիային` մի շարք շարունակական աշխատանքներում Հայաստանի կողքին լինելու համար: Հայաստանի եւ Շվեյցարիայի հարաբերությունները դինամիկ զարգանում են: Զարգանում են նաեւ միջխորհրդարանական կապերը»:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ հանձնաժողովի անդամներ Տիգրան Պարսիլյանը եւ Մարինա Ղազարյանը:

Զրուցակիցներն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին երկու երկրների հարաբերություններին, առեւտրաշրջանառության ծավալներին, կանանց եւ երեխաների, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, այդ ոլորտներում մեր երկրում վերջին տարիներին իրականացված բարեփոխումներին, որոնց թվում` օրենսդրական մակարդակում, տարածաշրջանային խնդիրներին: Այս համատեքստում Ռուստամ Բաքոյանը դեսպանին է ներկայացրել ՀՀ Կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ նշելով, որ այն միտված է տարածաշրջանում երկարատեւ ու կայուն խաղաղության հաստատմանը:

«Համոզված եմ, որ նախագիծը կյանքի կոչելու հարցում Շվեյցարիան Հայաստանի Հանրապետության համախոհների թվում է»,-ընդգծել է հանձնաժողովի փոխնախագահը՝ նշելով նախագծի կարեւոր բաղադրիչները:

Դեսպան Լուկաս Ռոզենկրանցը ողջունել է նախագծի առկայությունը եւ ընդգծել, որ Շվեյցարիան մշտապես կողմ է խաղաղությանը:
«Խաղաղության, որը հարգում է երկրների սուվերենությունը եւ տարածքային ամբողջականությունը»,- շեշտել է դեսպանը:

Լուկաս Ռոզենկրանցը նկատել է՝ ինչպես շատ այլ երկրներ, Շվեյցարիան նույնպես աջակցում է այս նախագծին եւ մեծ հույս ունի, որ ենթակառուցվածքների ապաշրջափակումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի վրա:
Դեսպանը պատգամավորներին է ներկայացրել Շվեյցարիայի ֆինանսավորմամբ մեր երկրում վերջին տարիներին իրականացված աջակցության ծրագրերն ու աշխատանքները, ընդգծել, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալներին՝ ընդգծելով չիրացված ներուժը:

Անդրադարձ է եղել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

Նմանատիպ նյութեր