211652_close_icon
views-count1612 դիտում article-date 10:53 12-02-2025

Երևանում գործող տուրիստական գործակալություններից մեկի սեփականատերն ու աշխատակիցը կազմակերպել են Տավուշի բնակչուհու անօրինական միգրացիան, նրանք ձերբակալվել են․ ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՀՀ-ից դեպի Եվրոպա ապօրինի միգրացիայի կազմակերպման դեպք, հայտնում են ԱԱԾ-ից:

Մասնավորապես, պարզվել է, որ Երևան քաղաքում գործող տուրիստական գործակալություններից մեկի սեփականատեր և տնօրեն Ա.Դ-ն և նույն ընկերության աշխատակից Ե.Խ-ն, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում շահադիտական նպատակով՝ 3,300 եվրո գումարի դիմաց, օտարերկրյա պետություն մուտքի և օտարերկրյա պետությունում գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթուղթ և կեղծ տեղեկություն ներկայացնելով, կազմակերպել են Տավուշի մարզի բնակչուհի Ս.Թ-ի անօրինական միգրացիան:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն: Միևնույն ժամանակ, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Ա.Դ-ն և Ե.Խ-ն ձերբակալվել են և ներկայացվել նախաքննական մարմին:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 470-րդ հուդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 457-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում անօրինական միգրացիայի կազմակերպիչներից Ե.Խ-ն կալանավորվել է, իսկ Ա.Դ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:
Բացի այդ, քրեական վարույթով կալանավորված անձանց բնակարաններում և աշխատավայրում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են ծննդյան վկայականների, անձնագրերի, բանկային փոխանցումների վերաբերյալ քաղվածքների պատճեններ, համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, կնիքներ, տարբեր անձանցից գումարներ ստանալու վերաբերյալ գրառումներ պարունակող նոթատետր և այլն:  

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր