211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes GLE»-ն «Չայնիի» ոլորաններում մոտ 100 մետր գլորվելով բախվել է քարերին ու հայտնվել ձորում. երկու վիրավորները փրկվել են ամրագոտու, պարեկների և բժիշկների շնորհիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count7165 դիտում article-date 15:46 19-03-2025
Այսօր՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 21,5 կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, և մոտ 100 մետր ապառաժ քարերին բախվելով, մի քանի պտույտ շրջվելով հատնվել է ձորում՝ քարերի վրա: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ողևորը, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն ու ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ, վիրավորներին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
 
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Տարածքը սահամանզատել են ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկներ Արսեն Ումրշատյանն ու Մխիթար Մկրտչյանը: 
 
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյանի, բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ: 

Վթարի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչակնա վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Գրիգոր Դալլաքյանի և Սերյոժա Սեդրակյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված վարորդի և վիրավոր ուղևորի ինքնությունը: 
 
Քննիիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպնավող հատուկ տարածք: 
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդն ու ուղևորը փրկվել են շնորհիվ ամրագոտու, քանի որ նրանց ավտեմեքենայից դուրս բերած քաղաքացիներն ասում էին, որ վարորդն ու ուղևորը ամրակապված են եղել, հակառակ դեպքում հնարավոր է ավտոմեքենայի գլորվելու արդյունքում նրանք հայտնվեին դրսում, ինչպես որ տեղի էր ունեցել այսօր՝ նույն վթարի վայրից մի քանի մետր այն կողմ առավոտյան՝ «Volkswagen Passat»-ի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի ժամանակ, երբ «Volkswagen»-ի վարորդի մարմինը հայտնաբերվել էր ավտոմեքենայից դուրս, իսկ դրսում հայտնվելու պատճառը չամրակապվելն է եղել: 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 19-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Գոռ Գ.-ն իր վարած «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 21 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում՝ դեպի Սևան ընթանալիս, դուրս էր եկել երթևեկելի գոտուց, մոտ 70 մետր գլորվելով բախվել քարերին և հայտնվել ձորում:
 
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել էր: 
 
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ:
 
Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի ավագ պարեկ Սուրիկ Բաղդասարյանն ու պարեկ Արաքսյա Մարգարյանը: 
 
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյանի, բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ: 

Վթարի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սերյոժա Սեդրակյանի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: 

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վարորդի մարմինը պարեկները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 50 մետր հեռավորության վրա, իսկ եթե վարորդը ամրակապված լիներ, հնարավոր է՝ վթարը ողբերգական ավարտ չունենար, քանի որ, ըստ մասնագետի, ավտոմեքենայի վարորդի նստատեղի հատվածն այդքան էլ վնասված չէ: 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել էր ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր