211652_close_icon

«Ինգո Արմենիա»-ն պահանջում է 560,000 դրամ՝ 1 րոպե ուշ իրենց զանգելու համար. հաճախորդի բողոքը. Oragir.News

views-count10165 դիտում article-date 20:14 27-03-2025
«Չորս մեքենա ունեմ, որոնք ապահովագրել էի «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում, բայց հիմա խորհուրդ կտամ բոլոր վարորդներին հեռու մնալ այդ ծառայությունից։ Ես այլևս այնտեղ ԱՊՊԱ չեմ անում, որովհետև ընկերությունն իր պարտականությունները պատշաճ չի կատարում և ընդամենը 1 րոպեի ուշացման համար կարող է պահանջել վերադարձնել փոխհատուցված գումարը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Ինգո Արմենիա»-ի նախկին հաճախորդ Հարություն Գրիգորյանը։

Գրիգորյանը պատմեց, որ իր 4 մեքենաները երբևէ վթարի մեջ չեն հայտնվել, սակայն վերջերս նրա որդին, որը սկսնակ վարորդ է, վթարի է ենթարկվել։ Նա տեղյակ չի եղել, որ որոշակի ժամանակահատվածում պարտադիր պետք է զանգահարել ապահովագրական ընկերություն։ Երբ վերջապես զանգահարել են, վթարի հստակ ժամը չի արձանագրվել, և ընկերությունը՝ ենթադրությունների հիման վրա, որոշել է, որ 1 րոպե ուշացում է եղել։

«Վթարից որոշ ժամանակ անց «Ինգո Արմենիան» ինձ նամակ է ուղարկում՝ նշելով, որ ուշ ենք զանգահարել ԱՊՊԱ, ուստի այն փոխհատուցումը, որը տրամադրվել է վթարված մյուս մեքենայի համար, պետք է վերադարձվի։ Այնուհետև զանգահարեցին ու ասացին, որ քանի որ իրենց մշտական հաճախորդն եմ, որոշ զեղչեր կգործեն, և առաջարկեցին վճարել։ Ես հրաժարվեցի, քանի որ հստակ ժամ չէին նշել, թե ե՞րբ ենք, իբր՝ ուշացել։ 410.000 դրամ արդեն փոխհատուցվել էր, իսկ այժմ դատարան են դիմել, ավելացնելով ևս 150.000 դրամ իրավաբանական ծախսերի համար։ Այսինքն՝ պահանջում են 560.000 դրամ»,- նշեց նա։

Հարություն Գրիգորյանի խոսքով՝ իր հրաժարումից հետո ստացել է դատարանի ծանուցում, որ «Ինգո Արմենիան» պահանջել է կալանք դնել իր և իր որդու ամբողջ ունեցվածքի վրա, սակայն դատարանը մերժել է ապահովագրական ընկերության հայցը։

Նախկին հաճախորդի դժգոհությունն աննախադեպ չէ։ Վերջին շրջանում սոցիալական հարթակներում քաղաքացիները հաճախ են բողոքում ապահովագրական ընկերությունների գործունեությունից։ Մասնավորապես, դժգոհություններ կան պայմանագրային անորոշ ձևակերպումների և վնասի փոխհատուցման երկարատև գործընթացների վերաբերյալ։

 

Նմանատիպ նյութեր