211652_close_icon

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրենին նույնպես հեռացնում են աշխատանքից

views-count1906 դիտում article-date 20:44 21-04-2025
Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը կդադարեցնի իր պաշտոնավարումը 2025 թվականի մայիսի 4–ից։ Այդ մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում։  Հատկանշական է, որ Սուրեն Նազիյանը շնորհակալություն է հայտնել իրեն նշանակած նախկին նախարար Արսեն Թորոսյանին, ինչպես նաև տարբեր պետական ու հասարակակն կառույցներին, որոնք աջակցել են կենտրոնին այս ընթացքում։ Բայց ոչ մի խոսք Անահիտ Ավանեսյանին։

«Տեղեկացնում եմ, որ ս/թ ապրիլի 21-ին ՀՀ առողջապահության նախարարի կողմից ստացված գրության հիման վրա իմ՝ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանիս և ՀՀ առողջապահության նախարարության հետ 2020 թվականի մայիսի 4-ին կնքված պայմանագիրը լուծվում է 2025 թվականի մայիսի 4-ին։

Հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրենց հայեցողության շրջանակներում չի կիրառվել ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 3-ի թիվ 129-Ն որոշման 85-րդ կետի 2-րդ ենթակետի կարգավորումները, այն է՝ պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց հետո այն կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ` ոչ ավելի, քան 3 տարի ժամկետով: Սույն դրույթի կիրառելիության արդիականությունը պայմանավորված է ոչ միայն ոլորտի (թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման) առանձնահատկությամբ և յուրահատկությամբ, այլ նաև իմ կողմից վարած պատշաճ և արդյունավետ կառավարման քաղաքականությամբ։

Հանրահայտ է և ձեզ համար, սիրելի՛ գործընկերներ, ակնհայտ տեսանելի, որ 2020 թվականից սկսած Կենտրոնում իրականացվել են լայնածավալ բարեփոխումներ ինչպես թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ, այնպես էլ աշխատակիցների սոցիալական վիճակի և աշխատանքային պայմանների բարելավման, օրինականության ամրապնդման, նախկինում առկա զեղծարարությունների վերացման և բացառման ուղղությամբ:

Կարծում եմ՝ հարկ է ներկայացնել կատարված բարեփոխումնեի բնույթն ու էությունը ստորև.

ամբողջությամբ հիմնանորոգվել, կահավորվել և վերազինվել են բոլոր բաժանմունքները.
բուժաշխատողների, այցելուների և պացիենտների համար ստեղծվել են լավագույն պայմանները.
սկսած 2020 թվականից՝ յուրաքանչյուր տարի բարձրացվել են աշխատակիցների աշխատավարձերը. եթե 2016 թվականին աշխատավարձի տարեկան ֆոնդը կազմել է 142 միլիոն ՀՀ դրամ, ապա 2024 թվականին այն արդեն կազմել է ավելի քան 395 միլիոն ՀՀ դրամ.
կենտրոնի անձնակազմը համալրվել է երիտասարդ և պրոֆեսիոնալ կադրերով.
ներդրվել է սոցիալ-հոգեբանական ծառայություն, որի նպատակն է դեղորայքային բուժմանը զուգահեռ կենտրոնի պացիենտներին տրամադրել նաև հոգեբանների և սոցիալական աշխատողների աջակցություն.
ծառայությունների ցանկից բացառվել են ոչ արդյունավետ, միջազգային չափանիշներին չհամապատասխանող և ապացուցողական հենք չունեցող «բուժման եղանակները».
պացիենտների և նրանց հարազատների կողմից բարձրացել է Կենտրոնի նկատմամբ վստահությունը, որի արդյունքում էականորեն բարձրացել է նաև դիմելիությունը.
նոր և արդյունավետ փոխհամագործակցություն է ձևավորվել ոլորտի հետ առնչվող պետական կառույցների, հայաստանյան հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ։
Ցանկանում եմ իմ երախտիքի խոսքը հայտնել այն բոլոր պետական և ոչ պետական կառույցներին, որոնք վերջին 5 տարիների ընթացքում գործուն աջակցություն և սերտ համագործակցություն են ունեցել Կենտրոնի գործունեության շրջանակներում։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՀՀ Ներքին գործերի նախարարությանը, Ազգային անվտանգության ծառայությանը, ՀՀ Քննչական կոմիտեին, Ազգային ժողովի պատգամավորներին, Առողջապահության ազգային ինստիտուտին, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամին, «Իրական աշխարհ, իրական մարդիկ», «Նոր սերունդ», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև բոլոր բժշկական ու կրթական հաստատություններին և կառույցներին այս 5 տարիների ընթացքում սերտ համագործակցության և փոխվստահության համար։

Իմ մեծագույն երախտագիտությունն եմ ուզում հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր պարոն Արսեն Թորոսյանին Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում ինձ նշանակելու, նման կարևորագույն կոչման ինձ արժանացնելու և թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման ոլորտի բարեփոխումների կատարման առանցքային առաքելությունն ինձ վստահելու համար։

Հպարտությամբ հայտնում եմ, որ ես թմրաբանական բժշկական ոլորտում դեռևս շատ անավարտ աշխատանքներ ու բարեփոխումներ ունեմ իրականացնելու։ Ոլորտից ես երբևէ չեմ հեռացել և չեմ հեռանալու՝ իմ առաքելությունն իր նշանակետին հասցնելու համար», – գրել է նա։

 

Նմանատիպ նյութեր