211652_close_icon

Չեմ կարող հասկանալ, թե ինչ նկատի ունեք, ինչ ճաշկերույթներ. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ Աննա Հակոբյանի կազմակերպած վճարովի ընթրիքների կոռուպցիոն ռիսկի մասին

views-count1492 դիտում article-date 13:15 22-04-2025
Որևէ կաշկանդվածություն հակակոռուպցիոն կոմիտեն, այդ թվում նաև ես, չունենք որևէ դեպքի մասով: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ անդրադառնալով հարցին` արդյոք ՀՀ վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի գումարով կազմակերպած ընթրիիքների դեպքում կոռուպցիոն ռիսկ կա, և արդյո՞ք Հակակոռուպցիոնը կաշկանդվածություն ունի ստուգելու:

Ճշտող հարցին՝ կոռուպցիա տեսնո՞ւմ է, թե՝ ոչ, նա ասաց. «Չեմ կարող հիմա հասկանալ, թե Դուք ինչ նկատի ունեք, ինչ դեպքի վերաբերյալ են Ձեր հարցադրումները, ինչ ճաշկերույթներ: Ամեն դեպքում, ես ուզում եմ մեկ անգամ ևս նշեմ, որ թե՛ դատախազությունը, թե՛ հակակոռուպցիոն կոմիտեն իր գործունեության ընթացքում պարբերաբար մոնիթորինգ է իրականացնում, այդ թվում նաև մամուլի հրապարակումներն ուսումնասիրում: Եթե գտնվում է, որ կան հանցագործության վերաբերյալ որոշակի տվյալներ,  ապա պարտադիր այդ կապակցությամբ կիրականացվի համապատասխան վարույթ»։

Դիտարկմանը՝ տեղյա՞կ եք, որ Ձեր տեղակալ Արտակ Պողոսյանը, ժամանակին սկանդալների մեջ է եղել և, օրինակ հայտնի է լրագրող ապտակելու գործով, որն այս պահին գտնվում է ՄԻԵԴ-ում, նա ասացդ. «Տեղյակ չեմ, բայց ենթադրում եմ, որ նկարագրում եք լրագրող ապտակելու դեպք, հետևաբար այդ դեպքով բնականաբար իրականացվել է քրեական վարույթ և այդ գնահատականները քրեական վարույթում են։ Ավելին նշեմ, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը հակակոռուպցիոն կոմիտեում պարտադիր կերպով անցնում է բարեվարկություն։ Հակակոռուպցիոն կոմիտեում չկա որևէ մեկը որևէ պաշտոնյա, ով բարեվարքության բացասական եզրակացություն է ունեցել»:

Հարցին էլ՝ նրա պաշտոնավարման ժամանակ հենց Գյումրիում քաղաքապետի թեկնածուի անդամներից մեկի ընտանիքի անդամներին ձերբակալեցին շեբինի գործով, իսկ «Իրենց Սարիկին», որ թաղումներ էր պատշաճ կազմակերպում, իրականացնում էր քաղաքի լուսավորություն և այլն, ոչինչ չարվեց, ինչո՞ւ է խտրական մոտեցում ցուցաբերվում ընդդիմադիրների և իշխանությունների դեպքում, Նահապետյանը նշեց, որ լրագրողը չի կարող փաստարկել, որ այդ երկու դեպքերը նույնանման են առնվազն:

«Այսինքն, գործ ունենք տարբեր դեպքերի հետ և, բնականաբար, տարբեր դեպքերով իրավապահ մարմինների գնահատականը շատ դեպքերում կարող են նույնը չլինել: Հաշվի առնելով կոնկրետ հանցակազմի հատկանիշների առկայությունը, քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը, և քանի որ նշած դեպքն այս պահին գտնվում է նախաքննության փուլում, հակակոռուպցիոն կոմիտեում և հաշվի առնելով նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը, ես այս պահին ձեռնպահ կմնամ այդ հարցին խորությամբ պատասխանելուց։

Փոխարենը կառաջարկեմ, որ հետևեք մեր պաշտոնական լրահոսին, քանի որ այդ վարույթներն ավարտվելու դեպքում պարտադիր կտրվեն համապատասխան հաղորդագրություն: Հետագայում էլ, եթե այդ գործերի վարույթերը փոխանցվեն դատարան, նաև դատալսումներ կլինեն հրապարակային և կծանոթանաք այդ մանրամասներին: Ըստ այդմ նաև հետևություններ կանեք, թե այդ դեպքերը արդյոք նույնական էին, թե նույնական չէին»,- ասաց Նահապետյանը:

Նմանատիպ նյութեր