211652_close_icon

Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Lexus»-ը, «Mercedes»-ը, «Kia»-ն ու «Opel»-ը. կա վիրավոր. «Lexus»-ում է եղել ԱԺ պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, ով դեպքի վայրից հեռացել է. «Lexus»-ը վարել է պատգամավորի 18-ամյա թոռը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count18920 դիտում article-date 10:23 02-05-2025
Այսօր՝ մայիսի 2-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում բախվել են «Lexus», «Mercedes», «Kia» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: 
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: 
 
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել  է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի, ավագ քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և բուժօգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը: 
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարեկների ոչ ճիշտ աշխատանքը դեպքի վայրը վերածել էր «աջափսանդալի», թե՛ վարորդները, թե՛ վարորդների ընկերները անցնում էին հետքերի վրայով ու երբ գումարտակի հրամանատար Գ. Առաքելյանը տեղաեկացավ ու հեռախոսով ժողովրդի լեզվով ասած բարձր չափաբաժնով «դոզա տվեց», դրանից հետո պարեկները սահմանազատեցին տարածքը ու հետաքրքրասերներին դեպքի վայրից հեռացրին: 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ «Lexus» մակնիշի ավտոմեքենայում որպես ուղևոր եղել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, ով մեկ այլ ավտոմեքենայով դեպքի վայրից հեռացել է:  

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Lexus»-ը վարել է ԱԺ պատգամավորի թոռը՝ 18-ամյա Գագիկ Մելքոնյանը:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր