66932 դիտում
16:37 15-01-2014
Կապանի զինկոմի որդու դատը հետաձգվեց. դատախազը գործով վկաներին բերման ենթարկելու միջնորդություն ներկայացրեց
Այսօր՝ հունվարի 15-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ շարունակվեց Կապանի զինկոմ Լեոնիդ Գրիգորյանի որդու՝ Էմին Գրիգորյանի դատավարությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատական նիստն ընթացել է ընդամենը մի քանի րոպե և հետաձգվել, քանի որ գործով անցնող վկաներից 5 հոգի չէին ներկայացել դատական նիստին:
Մեղադրող դատախազը միջնորդեց, որպեսզի դատարանը հնարավորության դեպքում նրանց բերման ենթարկելու որոշում կայացնի: Դատարանը բավարարեց միջնորդությունը և դատական նիստը հետաձգեց՝ նշանակելով այն հունվարի 30-ին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, 2013թ-ի դեկտեմբերի 18-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում դատական նիստ էր, որն անցնում էր բավականին լարված իրավիճակում: Ինչպես դատարանից հայտնել էր ֆոտոլրագրողը, ամբաստանյալը Կապանի զինկոմ Լեոնիդ Գրիգորյանի որդին է` Էմին Գրիգորյանը: Վերջինիս նկատմամբ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Կապանի քննչական բաժանմունքում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Լ. Գրիգորյանը դատարան էր ժամանել Պաշտպանության նախարարության համարանիշներով Վիլիս մակնիշի ավտոմեքենայով, որը՝ ըստ դատարանի մոտ հավաքվածների, նրա հոր` Կապանի զինկոմ Լ. Գրիգորյանի ծառայողական ավտոմեքենան է: Դատական նիստը նախագահում էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, այս տարվա հունիս 1-ի լույս 2-ի գիշերը Է. Գրիգորյանը վարելով Volkswagen մակնիշի 51 TN 111 համարանիշի ավտոմեքենան Կապան քաղաքում վթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով Կապանի բնակիչ 21-ամյա Կարեն Ղազարյանը տեղում մահացել էր: Դատարանի մոտը հավաքված մեծ թվով Կապանցիներ զայրացած պատմում էին, որ քննչական մարմինը նախաքննության ընթացքում գործը 180 աստիճան շուռ է տվել ի օգուտ Է. Գրիգորյանի ու չգիտես որտեղից վկաներ են հայտնաբերել, որ իբրև զինկոմի տղան վթարից հետո փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերլ, մինչդեռ վթարից հետո վիրավորին թողնելով անօգնական, դիմել է փախուստի: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նրան հայտնաբերել են Կապանի ոստիկանները` օպերատիվ տվյալներն իրացնելիս: Իսկ ամբաստանյալն ու նրա հայրը, ըստ Կապանցիների այդ օրերին ինքնավստահ հայտարարում էին, որ «լավ էր, սաղ ռեսպուբլիկան ընկած է Լիսկայով ու մեզի մոռացան: Հալալա Լիսկային, կրակեց` մենք պրծանք, թե չէ Երևանցի լրագրողները գրելու էին մեր մասին»: Դատարանը լսեց մահացածի հորը` Սերգեյ Ղազարյանն ով բավականին հուզված պատմեց, որ երբ իմացել ու եկել է վթարի վայր, հայտնաբերել է տղային մահացած և այնտեղ չի եղել զինկոմի տղան, ինչից հետո դատարանը սկսեց լսել գործով վկաներին: Մինչ այդ տուժողի իրավահաջորդ ճանաչված Ս. Ղազարյանի շահերի պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել դատարանին, որպեսզի ամբաստանյալի նկատմամբ քրեկան գործ հարուցվի նաև ՀՀ քր օրի 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային վայրը լքելը) հատկանիշներով: Մեղադրող դատախազն ու ամբաստանյալի փաստաբանը միջորդությանը գրեթե չէին առարկել, սակայն դատարանին խնդրեցին վկաներին լսելուց հետո միայն անդրադառնալ միջնորդությանը, ինչը դատավոր Ն. Օհանյանը բավարարել էր: Ամբաստանյալն ու նրա փաստաբանը միջնորդել էին, որպեսզի դատական նիստն ընթանա արագացված կարգով: Դատարանի մոտ հավաքվածները նաև բարձրաձայնում էին, որ զինկոմի տղան միշտ էլ փայլել է իր լկտի պահվածքով, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ` ծեծի ենթարկել մի քանի հոգու և ամեն անգամ զինկոմ հոր շնորհիվ ջրից չոր է դուրս եկել: Մի քանի կապանցիներ էլ հայտնում են, որ այնքան էլ հույս չունեն, որ դատարանը օբյեկտիվ կվարի նիստը և նա արժանի պատիժ կստանա, բայց ասում էին նաև, որ իրենց ավելի շատ զայրացնում է այն հանգամանքը, որ մինչ մահացածի հարազատներն ու ընկերները Նորաշեն գյուղում գերեզմանն էին կառուցում զինկոմը իր <արդար քրտինքով> Կապանում Վանատուր ռեստորանահյուրանոցային համալիրն էր մեծացնում: Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դատական նիստը հետաձգվել է և այն կվերսկսվի 2014 թվականի հունվարի 15-ին:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
16386 դիտում
18:33 10-02-2014
Դատարանը չցանկացավ Կապանի զինկոմի «Էշին չոշ» ասել. զինկոմի տղան ազատազրկվեց
11868 դիտում
15:17 30-01-2014
Սյունիքի մարզում շարունակվեց Կապանի զինկոմի որդու դատավարությունը. պարզվեց, որ նա եղել է ոչ սթափ