211652_close_icon
views-count1178 դիտում article-date 22:05 07-02-2014

Անարդարության արդարացման ևս մեկ եղանակ

Այն, որ ներկայիս հայկական հեռուստատեսային հումորն առանձնապես չի փայլում, դրա քննարկումը թողնենք հումորի մասնագետներին (մանավանդ` եթե նրանք կան Հայաստանում), այն, որ լավ համարների մեծամասնությունը «թխած է» այլալեզու եթերներից, դա էլ` որպես հայկական ճարպկություն որակենք և անցնենք առաջ: Սակայն կա մի ճշմարտություն, որը «անզեն» աչքով նկատելի չէ, բայց ամեն, նույնիսկ, միջակ (մանավանդ` եթե նրանք էլ լինեն Հայաստանում) հոգեբան հասկանում է: Դա անօրինության լեգիտիմացիան է` հումորի միջոցով: Ենթադրենք՝ կա մի անարդարություն (մանավանդ` եթե կա՞ Հայաստանում), այդ անարդարությունը հումորիստը օգտագործում է իր ծրագրում, ժողովուրդը լսում-տեսնում է և ունենում է հետևյալ ապրումները. ծիծաղ, եթե այն սրամիտ է, զավեշտ. քանի որ գիտակցաբար կամ անգիտակցաբար ըմբռնում է, իրեն էլ է վերաբերում հաղորդումը, հպարտություն, որովհետև չնայած ոչ ինքը, բայց գոնե ինչ-որ մեկը (հեռուստացույցով!!!) ասաց ճշմարտությունը, բավարարվածություն, որովհետև այն, ինչ ինքը կասեր համապատասխան պաշտոնյային կամ վարչությանը, թեկուզ միջնորդավորված, ասված է: Այս զգացողությունների արդյունքում մարդը լիովին համակերպվում է իր վիճակի հետ միայն արտաքնապես, սակայն ներքին ցասումը մղվում է անգիտակցական ոլորտ` պատվելով-թաքնվելով հումորի թաղանթի մեջ: Սրանից հետո մարդ հարկ չի համարում դրանով մտահոգվել, որովհետև ինչի վրա մեկ-երկու անգամ ծիծաղում է, այն դառնում է սովորական, իսկ սովորական դարձածն ու լեգիտիմացվածը իրարից տարբերվում են շատ չնչին: Արդյունքում, ինչպես քաղցկեղն է, սկզբից լինելով աննշան մի նորագոյացություն, հետագայում լափում է ողջ մարմինը, այնպես էլ այս կաղապարված ցասումը, սկզբում լինելով չնչին՝ հետագայում լափում է ողջ հոգեկան առողջությունը: Այլև հիշեցնենք, որ մարմնական ցավերի մոտ 60 տոկոսը առաջանում են հոգեկան խնդիրների պատճառով և եթե նույնիսկ մարդ ներկայումս լիովին առողջ է (մանավանդ` եթե այդ մեկը կա Հայաստանում), ապա չանցած ընդամենը մի քանի ամիս, հոգեկան խնդիրն իրեն զգալ կտա արդեն մարմնական լուրջ առողջական խնդրի ձևով: Պատահական չէր, որ Հիսուս Քրիստոսը իր աշակերտներին ասաց. «Զգույշ եղե՛ք, թե ինչ եք լսում»: Իհարկե, Հիսուս լրիվ այլ բանի վերաբերյալ էր ասում այդ խոսքը, սակայն կարծում ենք՝ այստեղ նույնպես կարելի է զգուշանալ: Վերջապես, ինչպես մարմնի, այնպես էլ հոգեկանի դեպքում, Ձեր առողջության լավագույն երաշխիքը դիետան է. առավել կարևոր է և հնարավոր հիվանդության կանխարգելումը, քան զարգացած հիվանդության չեզոքացումը: Կյանքում ամեն բանից հարկավոր է օգտվել ընտրողաբար, և հումորն էլ «ամեն բանի» շարքում վերջինը չէ: [b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր