211652_close_icon
views-count2516 դիտում article-date 20:45 26-02-2014

Վարչապետի արձագանքը Արդարադատության նախարարի «ղալաթ» արտահայտությանը և իր հրաժարականի պահանջին

«Ճիշտ չէ էմոցիոնալ պատասխանի վրա կառուցել քաղաքական «դեբատներ»: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ արձագանքելով հարցին, թե ԱԺ չորս խմբակցություններ պահանջում են իր հրաժարականը, ինչին ի պատասխան Արդարադատության նախարարը ասում է, թե «ղալաթ են անում»: Նրա խոսքով, պահանջը քաղաքական ուժերի իրավունքն է եւ քաղաքական պայքարի գործիք է, որը ընդունված է շատ երկրներում: «Տրամաբանական է, որ մեր ընդդիմությունը կարող է օգտվել այդ տրամաբանական գործիքից: Գործիքը գտնվում է մեր ընդդիմախոսների զինանոցում եւ երբ նպատակահարմար են գտնում այդ գործիքը օգտագործել՝ իրենց քաղաքական ռազմավարությունից ելնելով, կարող են այդ գործիքից օգտվել: Ինչ վերաբերում է Արդարադատության նախարարի արտահայտությանը, ապա ես կարծում եմ, որ ճիշտ չէ էմոցիոնալ պատասխանի վրա կառուցել քաղաքական դեբատներ, նախապատրաստել շատ ավելի կոշտ ու կոպիտ պատասխաններ: Կարծում եմ, որ մենք պետք է այդ միջադեպը հարթված համարել եւ ամեն ինչ անել, որ երկխոսությունը լինի կոռեկտության շրջանակում»: Լրագրողների դիտարկմանը, թե դժգո՞հ են իր աշխատանքից, ասաց. «Դուք հիշու՞մ եք մի կառավարություն ՀՀ-ի պատմության մեջ կամ մի դեմոկրատական երկիր, որտեղ չլինեն դժգոհություններ կառավարությունից: Քաղաքական դաշտը ենթադրում է, որ այդ քաղաքական պայքարը պետք է լինի միշտ, հակառակ դեպքում կնշանակի, որ մենք չունենք ընդդիմախոսներ եւ ընդդիմություն: Որպես լրագրողներ, եթե հանգիստ վերաբերվեք դրան, կարող եք օբյեկտիվ դատել՝ արդյո՞ք փաստարկները ճիշտ են, թե՞ ոչ»:

Նմանատիպ նյութեր