Քեսաբահայերի մշակույթն ու կենցաղավարությունն առաջին անգամ ներկայացվել է Հայաստանում. տեսանյութ
Քեսաբը բնակավայր է, որտեղ հայերը 100-ավոր տարիներ առաջ են ապաստանել, ստեղծել են իրենց հատուկ մշակույթն ու կենցաղավարությունը: Մոտ 30 քեսաբահայ ընտանիք է Սիրիան թողել ու Հայաստանում հաստատվել: Մեկ ու կես տարի առաջ Ստեփան Մափշիկյանը տեղափոխվեց Հայաստան: Իրավիճակը լարված էր ու շատ բան Հայաստան տեղափոխել չհաջողվեց: Հարազատ Քեսաբից միայն ընտանեկան լուսանկարներն են մնացել: Դրանցից ամենահինը ներկայացված է` «Քեսաբը երեկ եւ այսօր» ցուցահանդեսում, որը կազմակերպել են Հայաստանում հաստատված քեսաբցիները:
Ստեփան Մափշիկյանին ծանոթ են նաև աշխատանքային ու խոհանոցային բոլոր իրերը, իրենց տանը գրեթե բոլորն էլ օգտագործում էին: Քեսաբահայերի խոհանոցի ամենահատուկ ու բնորոշ կերակուրը հարիսան է: Նայում է իրերին ու թվարկում, որոնք է ինքը օգտագործել:
Աշխատանքային գործիքներ, ամաններ, խոհանոցային իրեր ու գորգեր` քեսաբահայերը ներկայացրել են այն, ինչ իրենց հետ բերել են հարազատ բնակավայրից: Քեսաբահայերի հայրենակցական միավորումն է ցուցահանդեսը նախաձեռնել: Խորհրդանշական է, որ ցուցահանդեսը Չարենցի տուն-թանգարանի Կարսի սրահում է անցկացվում: Պատմելու շատ բան կա, այստեղ նրանց մասին քիչ բան գիտեն:
Քեսաբի Սուրբ Կաթողիկե եկեղեցում Քեսաբի ազգագրական իրերի ցուցադրություն էր բացվել, բայց Սիրիայում քաղաքական իրավիճակի սրման ու Քեսաբի վրա զինյալների հարձակման հետեւանքով եկեղեցին վնասվեց, ցուցադրված նմուշները ցիրուցան եղան: Սա քեսաբահայերի մշակույթը ներկայացնող առաջին ցուցահանդեսն է Հայաստանում:
Առաջին քեսաբցիները Հայաստանում հաստատվել են 1947-ին: Այժմ նրանց ժառանգներն են փորձում պահպանել ավանդույթները ու վերջին դեպքերից հետո Հայաստանում ապաստանած քեսաբցիներն օգնում արագ ինտեգրվել տեղի հանրությանը:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/29234]armnewstv.am[/url]