Հռոմի պապը ուղերձ է հղել՝ Բրազիլիայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման կապակցությամբ
Հռոմի պապ Ֆրանցիսկոս I֊ը ուղերձ է հղել՝ Բրազիլիայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Վատիկանի ռադիոկայանին։
Rete Globo հեռուստաալիքով նա իր տեսաուղերձում մաղթել է, որ «Ֆուտբոլի աշխարհի այս առաջնությունն անցնի խաղաղության և հանգստության, փոխադարձ հարգանքի, միմյանց մեկ ընտանիքի անդամ համարող մարդկանց միջև համերաշխության և եղբայրության ոգով»։
«Սպորտն արժեքների փոխանցման գործիք է, որը նպաստում է անհատների բարեկեցությանը և օգնում կառուցել ավելի համերաշխ և եղբայրական հասարակություն։ Ցանկալի արդյունքների հասնելու համար կյանքում անհրաժեշտ է պայքարել, մարզվել, ջանքեր գործադրել»,֊ նշել է Հռոմի պապը։