211652_close_icon
views-count1823 դիտում article-date 21:53 17-06-2014

26-ամյա հակամարտությունից դեպի խաղաղություն

ԱՄՆ-ն փարիզյան բարձր մակարդակով հանդիպումից լուրջ արդյունք է ակնկալում: Այդպիսի հայտարարություն է արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը: Եթե փորձենք կիսել Մորնինգսթարի լավատեսությունը, ապա կարելի է առաջ քաշել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսական մի քանի վարկած: Տարածված կարծիք կա, թե հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել, քանի որ հակամարտող կողմերը ոչ մի պարագայում չեն նահանջելու իրենց դիրքերից: Իսկ այդ անզիջում կեցվածքը երբեք թույլ չի տալու գտնել փոխադարձ ընդունելի կարգավորման տարբերակ: Սակայն սա թյուրիմացություն է: Եվ դրա վառ ապացույցն է այն, որ կողմերը մի քանի անգամ մոտ են եղել խաղաղության պայմանագրի ստորագրմանը, իսկ կարգավորման Մադրիդյան սկզբունքների տակ դրված են կողմերի կնիքները, որոնցով պատրաստակամություն են հայտնել կարգավորել հակամարտությունը խաղաղ ճանապարհով: Այդպիսով, Փարիզում առաջիկայում հնարավոր է պայմանավորվածություն ձեռք բերվի, քանի որ միջնորդները հնարավոր են համարում իրենց միջև համաձայնության ձեռքբերումը: Այդ համաձայնությունը հնարավոր է աշխարհում մի քանի հակամարտություններն ու ճգնաժամերը մեկ փաթեթով կարգավորելու կամքի առկայության դեպքում: Իսկ դա հնարավոր է, քանի որ Սիրիայի, Ուկրաինայի, և մի շարք այլ երկրներում ճգնաժամերի կարգավորման ժամանակ նույն երկրները կարողանում են պայմանավորվել հիմնական հարցերի շուրջ: Հակամարտության կարգավորմանը նպաստելու է նաև Իրանի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքի փոփոխությունը, որը ամրագրվեց մի քանի օր առաջ: Իսկ այսօր հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիան պատրաստվում է Իրանում դեսպանատուն բացել: Դա նշանակում է, որ Իրանը դառնում է Արևմուտքի համար ընդունելի գործընկեր, որից մինչև դաշնակիցը ընդամենը մեկ քայլ է: Եվ շատ հնարավոր է, որ այդ ուղղությամբ նախնական պայմանավորվածություններն արդեն ձեռք բերված են, քանի որ գերտերության շահերից է բխում Իրանի նման կայացած տերության հետ բարեկամությունը: Կարգավորման ընթացքին լրացուցիչ արագություն են հաղորդել ուկրաինական ճգանաժամը և ռուսական ծավալապաշտական նկրտումներն ընդհանրապես: Արևմուտքը լուրջ մտահոգություն ունի, որ կարող է իր գործընկերներից մեկը չդիմանա ռուսական ճնշումներին և խզի կապերը Արևմուտքի և Եվրոպայի հետ: Ֆրանսիայի նախագահի բարձր մակարդակով այցը դրա վառ վկայությունն է: Իսկ առաջիկայում չի բացառվում լուրջ հրավեր լինի ԱՄՆ-ից: Ամեն դեպքում, ինչ պայմանավորվածություններ էլ արձանագրվեն Փարիզում, վերջնական պայմանավորվածությունը կայանալու է ԱՄՆ-ի կնիքով: Ինչ վերաբերվում է երրորդ համանախագահին, ապա նա բավական ճնշվել է ուկրաինական ճգնաժամի պատճառով: Եվ նրա վերաբերմունքը լինելու է հաշտվողական, քանի որ չի ցանկանալու ավելի ծանրացնել իր առանց այն էլ բարդ դրությունը: Իսկ ԱՄՆ-ը առանց որևէ դժվարության կարող է հաշտեցնել կողմերին, քանի որ կողմերից մեկը մշակութային առումով գտնվում է Արևմուտքում, իսկ մյուսը, նյութական ակնկալիքներով առաջնորդվելով, չի ցանկանա հարաբերություններ փչացնել ԱՄՆ-ի հետ: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր