24542 դիտում
20:48 29-06-2014
Փոթորիկը տակնուվրա է արել ողջ Վարդենիսը. 1000-ից ավելի բնակիչներ հայտնվել են փողոցում, իսկ չինովնիկները «ուղտի ականջում քնած են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վարդենիս քաղաքում: Ժամը 16:00-16:30-ի սահմաններում Վարդենիսում բարձրացած փոթորիկը, կարելի է ասել, հիմնովին պոկել ու կոտրել է Վարդենիս քաղաքի Սախարով, Երևանյան, Սպենդիարյան փողոցների գրեթե բոլոր բնակելի տների տանիքները, պատուհանները: Անգամ արմատախիլ է արել հաստաբուն ծառերը:
Ինչպես Վարդենիսից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ժամից մինչ այս պահը ողջ Վարդենիսում անջատված է էլեկտրականությունն ու դադարեցված է գազամատակարարումը, քանի որ բազմաթիվ տների գազի խողովակներ պոկվել են և կոտրվել են էլեկտրասյուները:
Այս պահին բնակիչները միմյանց օգնելով ցելոֆանով փակում են տանիքները, պատուհանները, իսկ Գեղարքունիքի մարզպետարանից ու Վարդենիսի քաղաքապետարանից ոչ մի չինովնիկ չկա քաղաքացիների կողքին: Որպես «նմուշ», 2 հոգի եկել և ներկայացել են որպես քաղաքապետարանի աշխատակիցներ, «մեծ մտածողի նման» նայել են ավերածություններն ու «Նոյի ագռավի» նման հեռացել:
Ըստ նախնական հաշվարկի՝ վնասի չափն անցնում է մի քանի միլիոնը: Բնակիչները չգիտեն, ինչ անեն, միայն գիտեն, որ «կարկուտը ծեծած տեղն է ծեծում»: Տարեց բնակիչներն էլ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ նման արհավիրք վերջին 50 տարիների ընթացքում իրենք չեն տեսել: Տների մեծ մասն էլ վնասվելու են անձրևից, և բաց տանիքից ներս թափվող անձրևը, պարզ է, թե ինչ հետևանքներ կբերի: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ 1000-ից ավելի բնակիներ «մնացել են կոտրած տաշտակի առաջ», և չի բացառվում, որ գիշերն էլ անցկացնեն բաց երկնքի տակ: Քաղաքացիները կարծում են, որ կառավարությունը ձեռք կմեկնի իրենց և գոնե շինանյութով կապահովի, սակայն չգիտես՝ ձեռք կմեկնե՞ն, թե՞ ոչ, թե՞ հերթական հանձնաժողովը կստեղծվի, կգան տուժածների «ականջներից լապշա կկախեն ու մրրիկ ու քամի բարձրացնելով»՝ կհեռանան:
Փոթորկից կան նաև տուժածներ՝ երեխաներ, ովքեր վնասվածքներ են ստացել պոկված տանիքներից, պատուհաններից: Բարեբախտաբար գոնե նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում: Վարդենիսցիներն ասում են, երբ գալիս են համամասնական, ՏԻՄ ընտրությունները, միայն այդ ժամանակ են թեկնածուները հիշում իրենց և դռնեդուռ ընկած խոստանում բոլորին, որ ամեն ինչ կանեն ընտրվելու դեպքում: Նրանք նշեցին, որ եթե օգնության ձեռք չմեկնեն իրենց, ապա իրենք փակելու են միջպետական ճանապարհը, այնուհետ նստացույց են անելու կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+