Օլանդը պատրաստ է Մերկելի հետ կազմակերպել Ուկրաինայի ու Ռուսաստանի նախագահների նոր հանդիպում
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ պատրաստ է նպաստել Ուկրաինայի ու Ռուսաստանի նախագահներ Պյոտր Պորոշենկոյի ու Վլադիմիր Պուտինի միջև հանդիպման շուտափույթ կայացմանը՝ ամրապնդելու համար նախորդ շաբաթ Դոնբասում ձեռք բերված հրադադարը: Այս մասին հայտնում է ուկրաիանական УНИАН-ը:
Օլանդն այս մասին հայտարարել է Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցի արդյունքներով: Օլանդն ընդգծել է, որ Մինսկի պայմանավորվածություններն ամրապնդելու համար պատրաստ է հնարավորինս արագ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կազմակերպել Ուկրաինայի ու Ռուսաստանի նախագահների նոր հանդիպում:
Օլանդը Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում քննարկել է սեպտեմբերի 5-ին Մինսկում ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածություններն ու դրանց ուժեղացման միջոցնեը: Նրանք մասնավորապես քննարկել են հրադադարի պայմանների պահպանման, ռուս-ուկրաինական սահմանի վերահսկողության ու պատանդների ազատ արձակման հարցերը: