878 դիտում
18:16 23-09-2014
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արա Բաբլոյանի նախագահությամբ սեպտեմբերի 23-ին քննարկվել են ՀՀ վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվության՝ առողջապահության ոլորտի ուսումնասիրությունների արդյունքները:
Նիստին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:
Վերահսկիչ պալատի վերահսկող հանձնաժողովի նախագահ Վարդան Գեւորգյանը ներկայացրել է կատարված ուսումնասիրությունների արդյունքները:
Նա տեղեկացրել է, որ վերահսկողությունն իրականացվել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման ծրագրերի, Հայաստանում դեղերի շրջանառությանն ուղղված գործողությունների, ինչպես նաեւ «Առողջապահական» ԾԻԳ-ի կողմից իրականացվող վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի նկատմամբ:
Ըստ այդմ՝ նախորդ տարում 36.0 եւ ավելի միավոր ունեցող անձանց տրամադրվել է 2567 ծառայություն՝ շուրջ 330.000 հազ. դրամ ծավալով: Ընտրանքային սկզբունքով ստուգվել է 6 բժշկական հաստատություն, 164.000 հազ. դրամ ստուգման ծավալով:
Արձանագրվել է խախտման 72 դեպք՝ 25,039,75 հազ. դրամի չափով:
ՀՀ վերահսկիչ պալատն ուսումնասիրություններ է կատարել սոցիալապես անապահով քաղաքացիներին պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության կազմակերպման, տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայությունների, հեմոդիալիզի անցկացման ծառայությունների, դեղերի շրջանառության, գնումների, սարքավորումների ձեռքբերման գործընթացների ուղղությամբ:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասել է, որ Վերահսկիչ պալատի դիտողություններն ու առաջարկները հիմնականում արտացոլում են ոլորտում եղած խնդիրները։ Նա հավաստիացրել է, որ նախարարությունը շարունակելու է դրանք շտկելու քայլերը` համագործակցելով Վերահսկիչ պալատի հետ:
ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն ասել է, որ քննարկումը կնպաստի գտնելու կարգավորման արդյունավետ եղանակներ:
Նույն օրը Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:
Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են ՀՀ կառավարության հեղինակած «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Նա նշել է, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ
եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունումից հետո անհրաժեշտություն է առաջացել վերանայել եւ լրամշակել «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքը:
Ըստ նախարարի՝ օրինագծով առաջարկվում է ներդաշնակեցնել աուդիտորական գործունեության ոլորտին առնչվող բոլոր իրավական ակտերի պահանջները: Վախթանգ Միրումյանը տեղեկացրել է, որ պատգամավորների ներկայացրած առաջարկների հիման վրա օրինագիծը լրամշակվել է:
Հանձնաժողովը քննարկված օրինագծին դրական եզրակացություն է տվել՝ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:
Պատգամավորներն առաջին ընթերցմամբ նաեւ քննարկել են ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ ներկայացված փաթեթի նպատակն է լրացուցիչ երաշխքիներ ստեղծել վարկային պայմանագիր կնքած քաղաքացիների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության համար: Ըստ հեղինակի՝ վարկային հարաբերությունների ներկայիս իրավակարգավորմամբ վարկատուին հնարավորություն է տրվում միակողմանիորեն փոփոխել վարկային պայմանագրով սահմանված տոկոսադրույքը կամ տոկոսների հաշվարկման կարգը, ինչը գործնականում կարող է չարաշահումների տեղիք տալ: Այդ իսկ պատճառով առաջարկվում է, որ հաստատուն տոկոսադրույքով վարկային պայմանագրում չի կարող սահմանվել այնպիսի դրույթ, որը հնարավորություն կտա վարկատուին միակողմանիորեն փոխել տոկոսադրույքը կամ տոկոսների հաշվարկման կարգը:
Նախագծերի փաթեթով նախատեսվում են նաեւ կարգավորումներ լողացող
տոկոսադրույքով վարկային պայմանագրերի համար, մասնավորապես ամրագրված է, որ
լողացող տոկոսադրույքով վարկային պայմանագրով անվանական տոկոսադրույքի
բարձրացում կարող է իրականացվել միայն եզակի դեպքերում, այն է՝ միայն
վարկատուից չկախված, արտակարգ եւ տվյալ պայմաններում անկանխատեսելի այնպիսի
հանգամանքների առկայության պայմաններում, որոնք էականորեն փոխել են
տոկոսադրույքի հաշվարկման հիմքում ընկած ցուցանիշները, սակայն նույնիսկ այդ
դեպքերում տոկոսադրույքը կարող է բարձրացվել ոչ ավելի քան տարեկան երկու
անգամ:
Հանձնաժողովը քննարկված օրինագծերի փաթեթին դրական եզրակացություն է տվել՝ ԱԺ
հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի
օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:
Նմանատիպ նյութեր
849 դիտում
20:38 04-11-2014
Քննարկումներ` ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1206 դիտում
18:08 04-06-2021
Ավարտվել են ԱՀ 2020թվականի պետական բյուջեի կատարողականների քննարկումներն ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1038 դիտում
10:22 08-11-2021
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում քննարկում են 2022-ի բյուջեն. ուղիղ
Այս բաժնից
493 դիտում
18:42 29-10-2024
Անատոլի Տորկունովը և «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի ղեկավարը հուշագիր են ստորագրել
568 դիտում
18:05 29-10-2024
Վարչապետը Բուդապեշտում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին
514 դիտում
17:50 29-10-2024
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կոլումբիա