Մեքսիկայում հայտնաբերվել են գաղտնի գերեզմաններ
28 դիակ է հայտնաբերվել Մեքսիկայի Իգուալա քաղաքի մերձակայքում գտնվող գաղտնի գերեզմանոցում: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Գերերո նահանգի դատախազ Ինյակի Բլանկոյին:
6 գաղտնի գերեզման է հայտնաբերվել ուսանողների փնտրտուքի ժամանակ, որոնց առևանգել էին նախորդ շաբաթ՝ կրթական բարեփոխման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների վրա կատարված հարձակման ժամանակ:
Բլանկոյի խոսքերով՝ հայտնաբերված դիակները խստապես այրված են, նրանց մի մասը մասնատված է, ինչի համար էլ սպանվածների ինքնությունը պարզելը կտևի մինչև երկու ամիս: Ոստիկաններին գերեզմանոցի վայրը ցույց է տվել ուսանողների առևանգման գործով ձերբակալվածներից մեկը:
Դեռ հաստատված չէ այն, որ սպանվածների թվում կան ուսանողներ: