112 բեռնատարից բաղկացած գերմանական հումանիտար ավտոշարասյունը մուտք է գործել Ուկրաինա
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երեկ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին հայտնում է ուկրաինական UNIAN-ը՝ վկայակոչելով պետության ղեկավարի մամլո ծառայությունը:
Հեռախոսազրույցի ժամանակ Պորոշենկոն ու Մերկելը քննարկել են Դոնբասում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման հարցը: Նրանք ընդգծել են, որ Մինսկյան պայմանավորվածությունների կատարման հարցում կայուն առաջընթացի բացակայությունը, ինչպես նաև զինյալների կողմից հրետակոծությունների շարունակումը սպառնալիքի տակ են դնում խաղաղ կարգավորման պլանը:
Պորոշենկոն անհրաժեշտ է համարել ռուս-ուկրաինական սահմանի օկուպացված հատվածի նկատմամբ վերահսկողության վերականգնումը: Պորոշենկոն Մերկելին շնորհակալություն է հայտնել հումանիտար օգնություն հատկացնելու համար:
112 բեռնատարից բաղկացած հումանիտար ավտոշարասյունն արդեն իսկ մուտք է գործել Ուկրաինայի տարածք և շարժվում է Կիևի ուղղությամբ: Այն նախատեսված է Դոնբասի հակամարտությունից տուժած անձանց համար: