211652_close_icon
views-count1174 դիտում article-date 15:50 20-10-2014

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման նոր սարքեր` Արագածոտնի և Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներին

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանը նպաստելու նպատակով Հայ-բրիտանական գործարար պալատի նախաձեռնությամբ Արագածոտնի և Գեղարքունիքի 23 բժշկական ամբուլատորիաներին տրամադրվեցին կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար նախատեսված բրիտանական «Breastlight» նոր սարքեր։ Ծրագրվում է առաջիկայում նման սարք տրամադրել նաև հանրապետության հեռավոր մարզերի բժշկական ամբուլատորիաներին: «Արմենակ և Աննա Թադևոսյանների» բժշկական կենտրոնում կազմակերպված հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ ոչ ինֆեկցիոն հիվանդություններն այսօր ծանր բեռ են դարձել պետությունների համար, և Հայաստանը դրանց դեմ պայքարի հստակ ռազմավարություն ունի: «Այս ճանապարհին առաջին քայլը հիվանդությունը կանխարգելելը, ժամանակին հայտնաբերելն ու ախտորոշելն է: Կանխատեսվում է, որ մի քանի տարի հետո հիվանդացության աճ ենք գրանցելու, որը պայմանավորված է հենց հիվանդությունների հայտնաբերումով: Այդ նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը լայնածավալ սքրինինգային ծրագիր է սկսել, որի նպատակն է խթանել հիվանդությունների վաղ հայտաբերումը»,- ասաց Սերգեյ Խաչատրյանը: Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լինչը նշեց, որ այս միջոցառման նպատակն է Հայաստանի մարզերում տարածել Հայ-բրիտանական գործարար պալատի նախաձեռնության շնորհիվ ձեռք բերված բրիտանական սարքը, որն ուղղված է վաղ շրջանում կրծքի քաղցկեղի հայտնաբերմանը: «Խիստ կարևոր է կանանց հասցնել ուղերձը, որ շատ բան իրենցից է կախված, և ամիսը մեկ զննում անցնելը պարտադիր է: Ցանկանում եմ նշել, որ այս սարքավորումը չի փոխարինում մամոգրաֆիական հետազոտությանը, սակայն բժիշկներին հնարավորություն է տալիս ստուգումներ իրականացնել` տեսնելու, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում կնոջ օրգանիզմում և անհրաժեշտության դեպքում ժամանակին քայլեր ձեռնարկել հիվանդությունն ախտորոշելու և բարդացումները կանխելու համար»,- ասաց դեսպանը: Բրիտանական սարքը հնարավորություն է տալիս նորագոյացությունը հայտնաբերել վաղ շրջանում: Սարքավորումը ցուցված է օգտագործել կլինիկական հետազոտությունների ժամանակ: Սարքն արձակում է վառ կարմիր լույս, որը թափանցելով կրծքի հյուսվածքներ` թույլ է տալիս կուրծքն ուսումնասիրել ներսից: Առողջ լինելու դեպքում անոթային ցանցը հստակ երևում է, սակայն մութ կուտակումներն ազդանշան են, որ հետագա հետազոտությունների անհրաժեշտություն կա: «Սարքով նման մթագնած հատվածներ հայտնաբերվելու դեպքում անհրաժեշտ է կնոջն ուղղորդել հետազոտության»,- պարզբանեց «Լոնդոն մեդիքլ» կենտրոնի բժշկական ներկայացուցիչ Գայանե Գալստյանը, ով արդեն երք ամիս աշխատում է այդ սարքով:

Նմանատիպ նյութեր