1047 դիտում
19:03 27-10-2014
Ավստրիական զարգացման համագործակցությունը եւ ՄԱԶԾ-ն կօժանդակեն ՀՀ-ում գյուղատնտեսական հաշվառման ծրագրի իրականացմանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում Ավստրիական զարգացման համագործակցության եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջեւ ստորագրվել է համաֆինանսավորման համաձայնագիր: Այն ստորագրել են Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն եւ ՀՀ-ում Ավստրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալոիս Կրաուտը:
Համաձայնագրի նպատակն է օժանդակություն ցուցաբերել Հայաստանում 2014 թվականի գյուղատնտեսական հաշվառման ծրագրի երկրորդ փուլի իրականացմանը: Ալոիս Կրաուտը բարձր է գնահատել ՀՀ կառավարության գործունեությունը՝ Ավստրիական զարգացման համագործակցության եւ ՄԱԿ-ի գրասենյակի հետ գյուղատնտեսական համատարած հաշվառման ծրագրի առաջին փուլի իրականացման գործում: Դեսպանը հույս է հայտնել, որ ծրագրի ավարտին կլինեն հավաստի բազային տվյալներ Հայաստանի գյուղատնտեսության վերաբերյալ, ինչը կնպաստի նոր ներդրումների ներգրավմանը:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը շնորհակալություն է հայտնել դոնոր կազմակերպություններին՝ գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական աշխատանքներին օժանդակելու եւ փորձագիտական աջակցություն ցուցաբերելու համար: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի խոսքով՝ այս ծրագիրը կրում է ռազմավարական բնույթ, ինչը կնպաստի գյուղատնտեսական հատվածում հետագա կարեւորագույն որոշումների ընդունմանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է ծրագրի իրականացումը եւ շնորհակալություն հայտնել Ավստրիական զարգացման համագործակցությանն ու ՄԱԿ-ի ՄԱԶԾ-ին ցուցաբերած օժանդակության համար:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
883 դիտում
20:20 29-01-2025
«Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկը» համարվել է լուծարված, իսկ նրա գործունեությունը` դադարած. ԿԲ
910 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել