211652_close_icon
views-count1247 դիտում article-date 11:40 24-12-2014

«Արփիմեդ» ընկերությանը GMP հավաստագիր է շնորհվել

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց «Արփիմեդ» դեղագործական ընկերություն։ Այցի ընթացքում ընկերությանը պաշտոնապես հանձնվեց Պատշաճ արտադրական գործունեության` GMP հավաստագիր: Գործընկերոջը հավաստագիրը փոխանցեց Հայաստանում Պատշաճ արտադրական գործունեության առաջին հավաստագիրը ստացած «Լիկվոր» ընկերության գործադիր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը: Արմեն Մուրադյանը «Արփիմեդ»-ի գլխավոր տնօրեն Վաչագան Ղազարյանի ուղակցությամբ շրջեց գործարանով: Նախարարն այցելեց որակի հսկման լաբորատորիա, պիտանելիության ժամկետը որոշելու սենյակ, քիմիական ռեակտիվ պահեստ: Նախարարի ուշադրությանը ներկայացվեցին դեղագործական ընկերության աշխատանքները: Մաշվելիության, ինչպես նաև լուծելիության սարքերի միջոցով տեղում ստուգվեցին որոշ դեղերի որոկական հատկանիշները: Լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարը նշեց, որ հայրենական դեղագործության զարգացումը ՀՀ կառավարության որդեգրած արտահանմանն ուղղված քաղաքականության հիմնարար ուղղություններից մեկն է։ «Պատշաճ արտադրական գործունեության հավաստագիրը մեր արտադրողներին հնարավորություն կտա խթանել արտադրության զարգացումը, ինչպես նաև ընդլայնել արտադրանքների իրացման ծավալներն ու աշխարհագրությունը»,- ասաց Արմեն Մուրադյանը: Նրա գնահատմամբ` Դեղերի մասին ՀՀ նոր օրենքը հնարավորություն կտա մեր երկրին դառնալ «Պիկես» (Pike's) դեղագործական կազմակերպության լիարժեք անդամ, ինչը հնարավորություն կտա ընդլայնել հայրենական արտադրանքի ծավալները: Նա ողջունեց այն փաստը, որ հայրենական դեղարտադրողներն զբաղեցնում են իրենց արժանի տեղը դեղերի ոլորտում: «GMP-ն` դեղի որակի վերաբերյալ երաշխիք է: Եթե ձեռնարկությունն աշխատում է այդ ստանդարտներով, ապա սպառողը կարող է վստահ լինել, որ այդ դեղը բազմապատիկ ստուգվում է ոչ միայն արտադրանքի ընթացքում, այլև դրանից հետո»,- ասաց «Արփիմեդ» ընկերության տնօրեն Վաչագան Ղազարյանը: Նա տեղեկացրեց, որ ընկերության արադրանքի 45 տոկոսն արտահանվում է, իսկ 55-ը` սպառվում է տեղական շուկայում: Արտահանվում է 164 անուն դեղ և դեղաձև, տարեկան գրանցվում է երկու-երեք նոր անուն: Ընկերության արտահանման աշխարհագրությունն ընդգրկում է Բելառուսը, Ուկրաինան,Վրաստանը, Ղազախստանը և բոլորովին վերջերս նաև Արաբական Միացյալ Էմիրությունները: Առաջիկայում ծրագրված է ընդլայնել արտահանման ծավալները Միջին Արևելքում: Ուշագրավ է, որ ղազախական շուկայում բորբոքման համար նախատեսված աչքի քսուքները միայն հայկական արտադրության են: «Լիկվոր» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը նշեց, որ իրենց ընկերությունը Կովկասում առաջինը ստացավ եվրոպական որակի GMP հավաստագիր: Նա նշեց, որ հավաստագիրը ստանալուց հետո այն թույլ տվեց մեծացնել ընկերության արտահանման ծավալները 10-15 տոկոսով: Արտահանվող տասը երկրների թվում են նաև Վիետնամը և Եմենը: «Լիկվորն» արտահանում է արտադրանքի 70 տոկոսը: 2010 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում դեղերի պատշաճ արտադրական գործունեության կանոնները` որպես դեղերի որակի ապահովման համակարգի կարևորագույն բաղադրիչներ, որոնցով երաշխավորվում է, որ դեղը մշտապես արտադրվում ու հսկվում է որակի հաստատված չափորոշիչների համաձայն: ՀՀ կառավարության հաստատած ժամանակացույցի համաձայն 2010-2014թթ. ընթացքում և՛ պետական կառույցները, և՛ դեղարտադրողները և ՀՀ-ին աջակցող միջազգային կազմակերպությունները Պատշաճ արտադրական գործունեության ներդրման ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ են իրականացրել։ Մասնավորապես, մշակվել և հաստատվել են բազմաթիվ իրավական փաստաթղթեր, ստեղծվել են ՊԱԳ համապատասխանության գնահատման մեխանիզմներ, կազմակերպվել է մասնագետների վերապատրաստում, միջազգային տեսուչների հետ համատեղ իրականացվել են լիցենզավորված արտադրատարածքների նախնական դիտարկումներ, կազմվել են ուղղիչ և կանխարգելիչ գործողությունների ծրագրեր և այլն։ Միաժամանակ Հայաստանը ներկայացրել է «Դեղագործական տեսչությունների համագործակցության սխեմային» անդամակցելու հայտ` ՊԱԳ համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչումն ապահովելու համար: ՀՀ կառավարությունը ընդունել է նաև արտադրության պատշաճ արտադրական գործունեության կանոնների համապատասխանության դիտարկման կարգը, ինչպես նաև հավաստագրի տրամադրման կարգը հաստատող որոշում, որի համաձայն, ըստ համաձայնեցված ժամանակացույցի ՀՀ առողջապահության նախարարություն դիմած «Լիկվոր» ընկերությանը Առողջապահության նախարարության կողմից 2013թ. դեկտեմբերին տրամադրվել է ՊԱԳ համապատասխանության հավաստագիր, իսկ 2014 թվականի հունիսին ՊԱԳ համապատասխանությունը հաստատվել է նաև «Արփիմեդ» ընկերության արտադրատարածքում, որին նույնպես տրամադրվում է համապատասխան հավաստագիր: 2014թ. նոյեմբերին սահմանված կարգի համաձայն «Լիկվոր» ընկերությունում իրականացվել է երկրորդ դիտարկումը` հիմք ընդունելով ՀՀ կառավարության սահմանած կարգի այն դրույթը, որ դեղերի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի արտադրություններում առաջին 3 տարվա ընթացքում պատշաճ արտադրական գործունեության կանոններին համապատասխանության գնահատման նպատակով դիտարկումներն իրականացվում են ամեն տարի, այնուհետև` յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ: Դիտարկման արդյունքների համաձայն «Լիկվոր» ընկերությանը տրամադրվեց ՊԱԳ համապատասխանության հավաստագիր:

Նմանատիպ նյութեր