211652_close_icon
views-count993 դիտում article-date 15:02 29-12-2014

Կարևորը՝ գիտակցությունն է առ այն, որ ընդհանուրի բարեկեցությունը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է. Արմեն Երիցյան

Յուրաքանչյուր ոլորտի տարեկան ամփոփումը՝ նախարարի հետ: Կառավարության կազմում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների, աշխատանքային նոր ոլորտների ու անձնական սպասելիքների մասին զրուցել ենք ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանի հետ: [b]-Պարոն Երիցյան, միանգամից սկսենք վերջերս ամենաշատը խոսվող թեմաներից մեկից: Խոսքը ԱԻՆ և Տարածքային կառավարման նախարարությունների միացման մասին է: Նախ շնորհավորում ենք ձեզ այս միացյալ նախարարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ արդյունավետությամբ այս երկու գերատեսչությունները կաշխատեն միասնական կառույցի շրջանակներում: [/b] -Շնորհակալություն: Կարծում եմ, որ երկու գերատեսչությունների գործառնությունը մեկ կառույցի շրջանակներում բավականին արդյունավետ կլինի: ԱԻՆ-ն իր գործառույթների սահմաններում ոչ միայն ամենօրյա սերտ համագործակցության մեջ է տեղական ինքնակառավարման մարմինների հետ, այլև ունի իր սեփական կառույցները տեղերում: Մեր մարզային փրկարարական վարչությունները մշտապես աշխատել և աշխատում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Ամբողջ հանրապետության տարածքում ակտիվորեն գործում է «911» ծառայությունը՝ օգնության հասնելով մեր քաղաքացիներին հանրապետության յուրաքանչյուր տարածաշրջանում: Ինչպես տեսնում եք՝ նախկինում նույնպես ԱԻՆ-ն ակտիվորեն ներգրավված է եղել մարզերի կյանքում, ներկայումս այդ ներգրավվածությունը պարզապես լինելու է ավելի լայնածավալ և բազմակողմանի: Անշուշտ, երկու նախարարությունների միավորումն ի հայտ է բերում լուծման կարիք ունեցող նոր խնդիրներ, ինչը դրական է, քանի որ ոլորտում զարգանալու և առաջընթաց ունենալու համար պետք է առաջադրել խնդիրներ և հետամուտ լինել դրանց լուծմանը: [b]-Այս տարվա ԱԻՆ գործունեության հետ կապված որո՞նք էին այն հիմնական ոլորտները, խնդիրները, որտեղ ԱԻՆ-ը ամենաշատ աշխատանքն է իրականացրել: [/b] - Անցնող տարում նախարարության գործունեությունը բավականին բեղմնավոր էր: Հանրապետության նախագահի հանձնարարությամբ՝ մարզերում ստեղծվում են ճգնաժամային կառավարման կենտրոններ և 911 ծառայություն: Բոլորովին վերջերս Ճգնաժամային կառավարման կենտրոն բացվեց Արցախում, Լոռու մարզում շահագործման հանձնվեցին մարզային փրկարարական վարչության նոր շենքն ու ճգնաժամային կառավարման կենտրոնը, որտեղ աշխատանքի է անցել նաև հաշմանդամություն ունեցող 6 քաղաքացի: Շուտով շահագործման կհանձնվեն նաև Շիրակի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզային ՃԿԿ-ները: ԱԻՆ «911» ծառայությունում ստեղծվել է ահազանգերի շուրջօրյա սպասարկման 2 նոր ուղղություն՝ բնակչությանը հոգեբանական և բժշկական խորհրդատվության ու աջակցության տրամադրումը: Oգոստոսին բացվեց ՀՀ կառավարության սերվերային տնտեսության պահուստային կենտրոնը. որը ստեղծվել է ՀՀ ԱԻՆ և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության համագործակցության արդյունքում։ Իրականացվում են հսկայածավալ աշխատանքներ Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգման և այն միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ, ինչը նշանակում է, որ ՏԿԱԻՆ-ը կունենա իր ավիացիան: Շվեյցարացի գործընկերների հետ համատեղ իրականացվում է ծրագիր, որի նպատակն է Հայաստանում զարգացնել որոնողափրկարարական ներքին կարողությունները և ստեղծել ՄԱԿ-ի որոնողափրկարարական միջազգային խորհրդատվական խմբի (INSARAG) չափանիշներին համապատասխան որոնողափրկարարական թիմեր՝ Երևանում, Շիրակի և Սյունիքի մարզերում: Ֆրանսիայի «Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության միջոցով ԱԻ նախարարությունը ձեռքբերեց 7 հրշեջ և փրկարարական ամենագնաց մեքենա` գույքով ու հանդերձանքով: Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ համատեղ մեկնարկել է սողանքների կառավարման նոր ծրագիր: Շարունակվում են Գառնու երկրաֆիզիկական դիտարանի հիմնանորոգման և վերագործարկման աշխատանքները: Հիմնվել է հակակարկտային կառավարման միասնական համակարգ: Ավարտական փուլում են Բալահավտում գտնվող հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման աշխատանքները: Մեծ աշխատանքներ են տարվում ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու ուղղությամբ, քանի որ այն միակն է տարածաշրջանում: Լուրջ վերակառուցումներ են իրականացվել պետական պահուստների, տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի և պետական հրդեհային ու տեխանվտանգության տեսչության ոլորտներում: Ինչ վերաբերում է գործունեությանը միջազգային դաշտում, ապա աղետների ռիսկի նվազեցման ռազմավարության, հաշմանդամների ներգրավման և ճգնաժամային կառավարման ոլորտներում Հայաստանի ԱԻՆ-ը միջազգային հանրության ու փորձագետների կողմից ճանաչվել է օրինակելի, և մեր փորձը փոխառելու համար տասնյակ երկրներից ու միջազգային կազմակերպություններից մասնագետներ են գալիս Հայաստան: [b]-Առաջիկա տարում Ձեզ սպասվում է առավել լարված աշխատանք, քանի որ Ձեր լիազորություններին զուգահեռ աճել է նաև ձեր գործունեության պատասխանատվությունը: Ի՞նչ հիմնական խնդիրներ եք նախանշում առաջիկա տարվա համար, ինչպե՞ս եք փորձելու ներդաշնակ դարձնել և համակարգել արդեն միավորված երկու կարևոր ոլորտների աշխատանքները: [/b] -Անշուշտ, առաջիկա տարում ՏԿԱԻ նախարարությանը և, նախարարին մասնավորապես, բավականին ծավալուն աշխատանք է սպասվում, որն արդեն իսկ զգացնել է տալիս իրեն: Մեր հանրապետությունն ունի 915 համայնք, որոնցից յուրաքանչյուրի խնդիրներն ու մարտահրավերները տարբերվում են մյուսից: Երկրի տարածքային կառավարումն առավել արդյունավետ դարձնելու համար պետք է խորամուխ լինել յուրաքանչյուր համայնքի, գյուղի կյանքի մեջ՝ հասկանալու, թե ինչով է այսօր ապրում և ինչ է շնչում հայ գյուղացին: Ես գրեթե ամեն օր զրուցում եմ համայնքապետերի հետ, ինչը թույլ է տալիս տարածքային կառավարման խնդիրներն ուրվագծել՝ հիմնվելով խնդիրն անմիջականորեն իր վրա կրող աղբյուրին: Մարզերի ու համայնքների խնդիրները հասկանալու և դրանց լուծումներ տալու համար բավական չէ միայն հանդիպել մարզերի ղեկավար կազմի հետ, ուստի ես այցելելու եմ գյուղեր՝ առկա խնդիրները տեղում ուսումնասիրելու նպատակով: Մարզպետերի հետ հանդիպումների ժամանակ ինձ արդեն ներկայացվել են մարզերում առկա հիմնական խնդիրները, որոնց լուծման շուրջ որոշակի աշխատանքներ արդեն սկսվել են: Իմ հատուկ վերահսկողության ներքո է լինելու համայնքների առավել խոցելի խումբը՝ երեխաները: Հատուկ հանձնարարությամբ՝ արդեն կազմվել է մարզերում գործող մանկատների և գիշերօթիկների ցանկը, ինչպես նաև` այնտեղ բնակվող երեխաների ցուցակը, ընդ որում առանձնացնելու ենք այն երեխաներին, ովքեր ծնողազուրկ չեն, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով ապրում են գիշերօթիկներում: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր երեխաները հնարավորություն ունենան ապրել իրենց ընտանիքներում: Խնդիրները շատ և հեշտ լուծելի չեն, սակայն պետք է անենք ամեն ինչ հզոր մարզեր և համայնքներ ունենալու համար: [b]-Ի՞նչ կմաղթեք Հայաստանի քաղաքացիներին Ամանորի և Սուրբ ծննդյան կապակցությամբ: [/b] - Մեր հայրենակիցներին մաղթում եմ խաղաղ երկինք, քանի որ դա է ցանկացած ժողովրդի և պետության զարգացման ու առաջընթացի գրավականը: Թող որ եկող տարում երջանկությունն ու բարեկեցությունը թակեն յուրաքանչյուր հայ ընտանիքի դուռ, կարևորը՝ գիտակցությունն է առ այն, որ ընդհանուրի բարեկեցությունը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է՝ իր հնարավորությունների չափով: Ինչ վերաբերում է եկող տարում հնարավոր փոքր և մեծ արտակարգ իրավիճակներին՝ հիշեցնեմ մեր հայրենակիցներին, որ փրկության համարը դարձյալ նույնն է մնացել՝ «911»: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

Նմանատիպ նյութեր