Աֆրիկյան երկրներում նվազել են «Էբոլա»-ով վարակվածության դեպքերը. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ «Էբոլա» վիրուսի դեմ պայքարում դրական միտումներ են նկատվում: Աֆրիկյան երկրներում, որտեղ բռնկվել էր մահաբեր վիրուսը, դրա տարածումն արդեն կառավարելի է:
Վարակվածության դեպքերը կտրուկ նվազել են: Վերջին մեկ շաբաթում Լիբերիայում գրանցվել է վարակման 8 դեպք, մինչդեռ նախորդ տարվա սեպտեմբերին ցուցանիշը 500 էր:
Գրեթե նույն արդյունքը վերաբերում է նաեւ Գվինեային եւ Սյերա-Լեոնեին: Վերջին տվյալներով՝ «Էբոլա»-ի զոհերի թիվը 8641 է: Վարակված է եւս 21,7 հազար մարդ: