211652_close_icon
views-count1671 դիտում article-date 16:06 05-02-2015

Երևանի դպրոցներում մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը

Երևանի բոլոր դպրոցներում փետրվարի 3-ից մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը։ Աշակերտների գիտելիքների և ուսման առաջադիմության ամենամյա ստուգատեսին մասնակցում են մայրաքաղաքի բոլոր դպրոցները՝ հիմնական, միջնակարգ, ավագ, մասնավոր։ Դպրոցական օլիմպիադաները, որոնցում ընդգրկված են 16 առարկաներ, անցկացվում են 3 փուլով։ Տարածքայինին մասնակցում են դպրոցական փուլում հաղթած երեխաները. դպրոցական փուլն անցկացվել է դեկտեմբեր-հունվար ամիսներին։ Ըստ կարգի՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աստղագիտություն», «Ինֆորմատիկա» առարկայական օլիմպիադաների առաջին փուլը բոլոր դպրոցներում առցանց է անցկացվում՝ միասնական թեստով։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և վարչության աշխատակիցները օլիմպիադաների օրերին այցելում են դպրոցներ՝ ընթացքին ծանոթանալու և հետևելու։ Հանրակրթության վարչության պետը նշել է, որ օլիմպիադաների անցկացման կարգի խախտում փետրվարի 5-ի դրությամբ դեռևս չի արձանագրվել։ «Աննախադեպ մեծ է մասնակցությունը. տարի առ տարի ավելի բարձր արդյունքներն ենք գրանցում թե՛ մասնակցության, թե՛ աշակերտների պատրաստվածության, թե՛ անցկացման որակի»,- ընդգծել է Գայանե Սողոմոնյանը։ Դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը կավարտվի փետրվարի 18-ին։ Դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը հաղթահարած աշակերտները կմասնակցեն մարզային փուլին, որը կանցկացվի փետրվարի 21-ից՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարության հաստատած ժամանակացույցի։

Նմանատիպ նյութեր