7074 դիտում
10:31 02-04-2015
Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա
Առավոտյան մատուցվում է Ս. Պատարագ` ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ Հաղորդության խորհրդի հաստատման, երբ Հիսուս Քրիստոս վերնատանը վերցրեց հացը. օրհնեց, կտրեց եւ տվեց տասներկու աշակերտներին ու ասաց. «Առե՛ք, կերե՛ք, այս է Իմ մարմինը»: Ապա բաժակը վերցնելով` գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է Նոր ուխտի Իմ Արյունը, որ թափվում է շատերի համար» (Մատթ. 16 17-30): Պատարագը իմաստավորվում է մարդկանց փրկության համար Քրիստոսի զոհաբերությամբ` խաչվելով, Իր Արյունը հեղելով եւ Հաղորդության խորհրդի հաստատումով, որը Սուրբ Սեղանի վրա օրհնված եւ պատարագված հացն ու գինին են: Դրանք Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունն են եւ հոգեւոր սնունդ` հավատացյալների համար. «Ով ուտում է իմ Մարմինը եւ ըմպում Իմ Արյունը, հավիտենական կյանք ունի» (Հովհ. 6; 55):
Ոտնլվա: Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Ոտնլվայի արարողությունը: Վերջին ընթրիքից հետո Հիսուս ջուրը լցրեց կոնքի մեջ, ծունկի եկավ Իր աշակերտների առջեւ ու ծառայաբար լվաց նրանց ոտքերը` սրբելով մեջքին կապված սրբիչով (Հովհ. 13; 5), հեզության ու խոնարհության օրինակ ծառայելով: «Եթե Ես` Տերս եւ Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, որով- հետեւ մի օրինակ տվի ձեզ, որ ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձեւով անեք» (Հովհ. 3;1-20):
Ոտնլվայի հիասքանչ արարողության ծիսակարգի ու աղոթքների հեղինակ է համարվում Ընդհանրական Եկեղեցու տիեզերալույս վարդապետներից սուրբ Եփրեմ Խուրի Ասորին (306-373): Ամենայն Հայոց Կաթողիկոս Գրիգոր Բ Վկայասերը (1066-1105) 11- րդ դարում այդ կարգը թարգմանել է հայերեն եւ ներմուծել Հայ Առաքլական Եկեղեցու ծիսակարգ: Հետագայում կարգը հարստացել է նաեւ զուտ հայկական շարականներով ու աղոթքներով, որոնցից են «Սիրտ իմ սասանի» եւ «Ուր ես, մայր իմ» գեղեցկահյուս մեղեդիներն ու Հովհաննես Պլուզ վարդապետի «Սիրո մասին» խորիմաստ խրատը:
Եպիսկոպոսը կամ եկեղեցու քահանան տասներկու մանուկների կամ եկեղեցու սպասավորների հետ բարձրանում է խորան: Հոգեւորականը խաչով ու Ավետարանով եւ «Թող օրհնվեն եւ սրբագործվեն այս յուղն ու ջուրը» խոսքերով օրհնում է խորանում դրված ջուրը եւ յուղը: «Պահպանիչ» աղոթքից հետո հոգեւորականը վերցնում է սրբիչը, ծունկի գալիս եւ լվանում տասներկուսի ոտքերը եւ յուղով օծում: Արարողության վերջում կարդացվում է Ավետարան, ուր հիշատակվում է Քրիստոսի ձեռքով կատարված Ոտնլվան: Հիսուս աշակերտների ոտքերը միայն ջրով լվաց, իսկ Ոտնլվայի արարողության ընթացքում յուղի օգտագործումը խորհրդանշում է Հիսուսի ոտքերին պոռնիկ կնոջ թափած անուշահոտ յուղը (Հովհ. 22; 3):
Արարողությունից հետո հավատացյալներին բաժանվում է օրհնված յուղ, որը հավատացյալները գործածում են հիմնականում հիվանդությունների դեպքում կամ խառնում տանն ունեցած յուղին:
Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է մի արարողություն, որը «Խավարում» է կոչվում: Սա արդեն վերաբերում է Ավագ ուրբաթի խորհրդին, սակայն Ավագ հինգշաբթի երեկոյան մութն ընկնելուց հետո է կատարվում:
Աղբյուր՝«Սյունյաց կանթեղ N 50»
Նմանատիպ նյութեր
8576 դիտում
13:27 29-03-2018
Ավագ հինգշաբթի. Վերջին ընթրիք` Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա, Յուղի օրհնություն
Այս բաժնից
460 դիտում
19:22 06-11-2024
Մկրտչյանն ու Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են սփյուռքի կառույցների համագործակցության ձևաչափերը
1252 դիտում
18:56 06-11-2024
Հովանավորչության առաջարկը մերժած տնօրենին ծեծել են ու թալանել. ՔՈԳՎ բացահայտումը (տեսանյութ)
547 դիտում
18:50 06-11-2024
Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը նորից կվարեն իրենց փոդքասթը․ դատարանը վերացրեց սահմանափակումը