Հունաստանի վարչապետն այսօր Մոսկվայում բանակցելու է Վլադիմիր Պուտինի հետ
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն այսօր Մոսկվայում բանակցելու է Ռուսաստանի քաղաքական վերնախավի, այդ թվում` նախագահ Վլադիմիր Պուտինի ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Վերլուծաբանները կրկին գուշակություն են անում, ինչպես կարող են իրար օգտակար լինել Ցիպրասն ու Պուտինը և արդյոք Պուտինին հաջողվել է պառակտել Եվրամիությունը հակառուսական պատժամիջոցների և ուկրաինական ճգնաժամում Մոսկվայի դերի գնահատման հարցում:
Հունաստանի նպատակը Եվրամիության նկատմամբ սադրանքը չէ, այլ կառույցի վրա ճնշում գործադրելը, նշում են քաղաքագետները` հիշեցնելով տեսական այլընտրանքի գոյության մասին, որպեսզի ապահովվի ազգային տնտեսության ֆինանսավորումը:
Ավելի վաղ Մոսկվայում հայտարարել էին, որ կարող են չեղյալ հայտարարել Եվրամիության առանձին երկրների նկատմամբ տնտեսական պատժամիջոցները, որոնք տարածվում են ամբողջ Եվրամիության վրա:
Աթենքում չեն թաքցնում, որ Մոսկվայից բարյացակամություն են ակնկալում: Ավելի վաղ Հունաստանը հայտարարել էր, որ բացասաբար է վերաբերվում Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցներին: